Հայաստանի անտեսանելի թշնամին

Մեր հանրային-քաղաքական կյանքում կա ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Հայաստանն ապրում է ճշմարտության տոտալ դեֆիցիտի պայմաններում։ Կեղծիքի ու ստի անարժեք շուկայում ճշմարտությունը ճնշվում ու բռնաբարվում է անտեսանելիորեն։ Ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից հասարակությունը ստանում  է կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժիններ, որ նույն իշխանության և նույն ընդդիմության տեքստերում օբյեկտիվորեն առկա ճշմարտությունն անգամ չի հասնում մարդկանց մտքերին ու սրտերին ու հոգիներին նաև։

Տեղեկատվական-քարոզչական ղալմաղալում ճշմարտությունը խլանում է այնպես ու այնքան, որ հասարակությունն իր նախընտրություններում ու վերաբերմունքում ու որոշումներում առաջնորդվում է ամեն ինչով, բացի ճշմարտությունից։ Ճշմարտությունը ստի ու կեղծիքի հակառակը չէ, ինչպես որ սուտը սոսկ ճշմարիտի հակապատկերը չէ։ Ճշմարտությունը, որպես կանոն, գտնվում է դրա մասին բարձր գոչողների ճառերի ու նույնքան բարձր հակադարձողների կսմիթների մեջտեղում։ Իսկ բևեռացված հասարակության մեջ մեջտեղին որևէ մեկը չի նայում ու մեջտեղից որևէ հնչյուն չի լսում։ Սևի ու սպիտակի տարանջատումը խլացնում ու կուրացնում է մարդկանց՝ փակելով նրանց աչքերն ու ունկերը ճշմարտության առաջ։ Արդյունքում՝ ճշմարտությունը՝ որպես սուբստանտ, որպես գո, տեղ չունի մեր ներկայում։

Սուտը դարձել է Հայաստանի անտեսանելի, պետությունն ու հասարակությունը ներսից քայքայող թշնամին։ Իսկ ճշմարտության մասին մենք ավելի հաճախ տեղեկանում ենք պոստֆակտում՝ քրքրելով արդեն իսկ պատմություն դարձած մեր անցյալը։ Ներկայում ճշմարտությունը ոչ միայն գերակա չէ, այլ բացակայում է ընդհանրապես, ճշմարտությունը տեղ չունի մեր այսօրվա որոշումների կայացման գործընթացում, ինչպես որ այդ նույն գործընթացում բացակայում են այնպիսի անտիկ հասկացությունները, ինչպիսիք են, օրինակ, բարությունն ու վեհությունը, որոնք նույն ճշմարտության հոգևոր ածանցյալներն են։

Ու քանի որ ճշմարտությունը վռնդված է մեր կյանքից, մեզանում բացակայում է նաև ճշմարտության վրա խարսխված քաղաքականությունը, ինչպես որ գուցե այն բացակայում է աշխարհի որևէ այլ անկյունում։ Բայց դրանից չի բխում, որ քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, ստի արվեստն է, ինչպես կարելի է եզրակացնել ժամանակակից քաղաքականությանը հետևելիս ու քաղաքական այրեր ներկայացող շատերին լսելիս։

Ծագումնաբանությամբ ու գոյաբանորեն, այդուհանդերձ, քաղաքականությունն առաքինի զբաղմունք է, որովհետև գոնե հռչակագրորեն այն՝ ներկայացվող գաղափարների ու ծրագրերի միջոցով, մարդկանց կյանքը՝ ավելի լավը, պետությունը՝ ավելի հզոր դարձնելու արվեստ է։

Հետևաբար՝ հասարակության, էլիտաների խնդիրը պետք է լինի ոչ թե՝ հետևել ստի վրա հիմնված քաղաքականությանը, այլ քաղաքականությունը մաքրել ստից ու ստախոսներից, կեղծիքից ու պատեհապաշտներից։ Դա, իհարկե, դժվար է, չափազանց դժվար, որովհետև հասարակությունն ընդհանուր առմամբ իրեն հարմարավետ է զգում կեղծիքի մեջ շաղախված կյանքում։ Սուտը պաշտպանում է ճշմարտությունից, որը, որպես կանոն, լինում է դառը և դաժան, ու որին բախվելը, էլի սովորության համաձայն, լինում է ցավագին։ Բայց այդ բախումն անխուսափելի է ու անայլընտրանք։

Հետևաբար՝ որքան շուտ երկրի իրական էլիտաներն իրենց մեջ ուժ և կարողություն գտնեն՝ հասարակությանը ճշմարտության հետ ցավագին բախման տանելու համար, այնքան ավելի շուտ հանրությունը դուրս կգա կեղծիքի թմբիրից ու կդադարի ապրել ստից ունեցած հաշիշային կախվածությամբ։ Այս հարցում իշխանությանն ապավինելն անհույս զբաղմունք է, քանի որ այն ճշմարտությունից հեռու է այնքան, որ իշխանության գլխավորը ճշմարտությունը փնտրում է սխալվելու անխուսափելիության մեջ։ Իշխանությունը սեփական ստի մոլորյալն է, ու նրան ևս պետք է ազատագրել կեղծիքից։ Եթե ստացվի, իհարկե։

Ճշմարտությունը և ճշմարտության վրա հիմնված, անկեղծիք քաղաքականությունը պետք է դառնան հասարակության ու, առաջին հերթին, էլիտաների խորքային նպատակադրումները, եթե ոչ՝ կարճաժամկետ, ապա՝ գոնե երկարաժամկետ, բայց տեսանելի հեռանկարում։ Իհարկե, հաշվի առնելով այսօրվա ստակերտ ու կեղծիքապաշտ իրականությունը, այդ նպատակները թվում են ուտոպիստական։

Բայց եթե իշխանությունը կարող է իրեն ուտոպիզմի շռայլություն թույլ տալ ու ներկայացնել երեսուն տարվա անիրականանալի, կրկին հիմնականում կեղծիքով ծեփված մեգանպատակներ, ապա հասարակությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է ստից ազատագրման ու ճշմարտության տանող նպատակադրումներ սահմանել։

Այլապես սուտը, որ սկզբնական չափաբաժիններով հաճելի է թմրանյութի նման, երկարաժամկետ հատվածում հասարակությանը վերածելու է անդառնալի թմրամոլի, որի բուժման մեթոդներ գոնե ժամանակակից գիտությունը դեռևս չի հայտնագործել։

Տեսանյութեր

Լրահոս