«ՍԴ 9 դատավորներն էլ կարող են հավակնել ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններում». Էդգար Շաթիրյան

Սահմանադրական դատարանում այսօր աշխատանքային նիստի օրակարգում լինելու է Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ում թեկնածությունը կառաջադրեն՝ հարցը կքննարկվի ՍԴ-ի աշխատանաքային նիստում։

«Բնականաբար, չկա ու չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի հարցը լուծվում է փակ գաղտնի քվեարկության արդյունքում»,- նշեց Էդգար Շաթիրյանը։

Դիտարկմանը, որ որպես ՍԴ նախագահի թեկնածու շրջանառվում է Երվանդ Խունդկարյանի անունը, Էդգար Շաթիրյանն ասաց, որ տարբեր անձանց անուններ են շրջանառվում։

«Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն Սահմանադրական դատարանի 9 դատավորներն էլ կարող են հավակնել ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններում»,-շեշտեց Էդգար Շաթիրյանը։

Հարցին՝ իր թեկնածությունը դիտարկվո՞ւմ է, Է. Շաթիրյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող հարցին պատասխանել, ավելին՝ չի ցանկանում հարցը դիտարկել անձնային հարթությունում։

Հարցին՝ Հրայր Թովմասյանին նույնպե՞ս դիտարկում է ՍԴ նախագահի պաշտոնում, Էդգար Շաթիրյանը պատասխանեց, թե պատահաբար չի ասել, որ 9 դատավորներն էլ կարող են հավակնել այդ պաշտոնին. «Բոլորն էլ իմ գործընկերն են, տեղին չեմ համարում ո՛չ պարոն Խունդկարյանին, ո՛չ պարոն Թովմասյանին այս առումով թիրախավորել»։

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չընտրվելուն, Էդգար Շաթիրյանն ասաց՝ բազմիցս ասել է, որ այդ հանաձանժողովի նախագահի ընտրության գործընթացը  առնվազն իր մասով առանձին շրջանակների կողմից շահարկվել է, որը շարունակվում է նաև այսօր։

«Չեմ ուզում այս պահին ո՛չ արդարաանալ, ո՛չ էլ հիմնավորումներ ներկայացնել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Էդգար Շաթիրյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել էր Կառավարությունը։

Տեսանյութեր

Լրահոս