«Ընտանիքիս լքում, միտինգ էի գնում, որ այսօր 9 հարկ ոտքով բարձրանա՞մ». քաղաքացին՝ նոր վերելակների չաշխատելու մասին

Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը փոխարինել է իրենց հին վերելակը նորով, սակայն տևական ժամանակ է՝ այն չի շահագործվում, քանի որ աշխատակիցների գումարները չեն վճարել, նրանք էլ անջատել են վերելակները և գնացել:

«Արդեն 1 ամիս անցել է, որ վերելակները փոխել են, օգոստոսի 25-ից արդեն սկսել էր աշխատել, բայց մի օր վեր ենք կացել, տեսել՝ մի հատ թուղթ է գրված, որ տղաներն աշխատել են ու աշխատավարձ չեն ստացել, դրա համար լիֆտերի չիպերը հանել-տարել են: Դիմել ենք քաղաքապետարան, զանգել ենք, ասել են՝ ձեր դիմումը գրանցված է, կպատասխանեն, բայց արի տես՝ ոչ մի պատասխան չենք ստացել: Հիվանդ մարդիկ կան՝ օպերացիա եղած, ո՞նց բարձրանան 9-րդ հարկ»,- ասաց շենքի բնակիչներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ, որը բուժաշխատող է և շուրջօյա է աշխատում, ունի սրտի հետ կապված խնդիր, ասում է՝ դիմակն անգամ դնելուց է շունչը կտրվում, ի՞նչ անի, որ 9-րդ հարկում է ապրում:

«Չեմ ուզում իմ տուն գամ, սա անելու բա՞ն է: Քաղաքապետը թող մի օր գա, բարձրանա 9-րդ հարկ, իջնի, ու հաց է պետք իրեն, տան համար ուտելիք է պետք, նորից բարձրանա, կբարձրանա՞, չի՛ բարձրանա, երբեք չի բարձրանա, 9 հարկ որ բարձրանա, էլ երբեք չի բարձրանա: Կրա՞կն եմ ընկել, որ 9-րդ հարկում եմ ապրում, հելնեմ ո՞ւր գնամ, տներս ծախեմ ո՞ւր գնամ, սա անելու բան չի՛, թող այդ տղաների փողերը տան: Այն ժամանակ, որ պետք էր, վազում էի հետևներից միտինգներին, ընտանիքիս լքում էի՝ միտինգ էի գնում, այսօր այդ միտինգից ի՞նչ հասկացա, որ 9 հարկ ես ոտքով բարձրանա՞մ»,- ասաց 9-րդ հարկի բնակիչը:

Շենքի տարեցներից մեկն էլ, որը ոտքի խնդիր ունի՝ ապրում է 6-րդ հարկում: Ասում է՝ դժվարանում է ամեն անգամ մաքուր օդ շնչելու, բակում նստելու համար 6 հարկ ոտքով իջնել-բարձրանալ.

«Գիտե՞ք՝ զարմանալին ինչն է, որ 1.5 միլիոն բնակչության տեր քաղաքապետարանը մի հատ հասարակ հարց չի կարողանում լուծի: Մենք ի՞նչ մեղավոր ենք, եթե բնակիչը մեղավոր է, կխնդրեի բոլորին, եթե չեն կարողանում աշխատել՝ պետք է հրաժարական տան, այդպիսի մարդիկ մեզ պետք չեն, ոնց որ կառավարությունն է, նույնն էլ իրենք են, ինչի՞ պետք է մենք տուժենք: Մենք օրական մի ժամ չկարողանա՞նք իջնել, որ թարմ օդ շնչենք, սա՞ է կառավարությունը, սրա՞ համար ստեղծեցին այդ կառավարությունը: Թքեմ ըտենց կառավարության վրա»:

Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը վերջերս հայտարարել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքում 500 վերելակ է փոխարինվելու, և, որ այս պահին 134-ն արդեն տեղադրվել է:

Այս հայտարարությունից օրեր անց կառավարության դիմաց  իրականացրեցին վերելակների փոխարինման աշխատանքներն իրականացնող քաղաքացիները՝ ասելով, որ իրենց աշխատավարձերը չեն վճարել, իսկ նոր վերելակներն անջատել են, որպեսզի այդ կերպ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրեն խնդրի վրա:

Աշխատակիցները նշում էին, որ քաղաքապետարանը պատճառաբանել է, որ առաջնահերթ պետք է փոխվեին 14-16 հարկեր ունեցող շենքերի վերելակները, հետո նոր միայն՝ 9 հարկանի շենքերինը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս