Ճապոնիայում ավարտել են կորոնավիրուսի դեմ «Ավիգան» պատրաստուկի փորձարկումները

Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:

Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Fujifilm Holdings Corp դեղամիջոցի արտադրող-ընկերության աղբյուրները: Սկզբում ընկերությունը պլանավորել էր փորձարկումներն ավարտել մինչեւ մայիսի վերջը, սակայն հետագայում փորձարկումների ժամկետը երկարաձգվել է մինչեւ հունիսի վերջը:

Սակայն, չնայած դրան, ընկերությանը չի հաջողվել փորձարկումներին ներգրավել անհրաժեշտ քանակությամբ 96 հիվանդների՝ առաջին հերթին նոր վարակվածների թվի անկման առնչությամբ: Դրանից հետո փորձարկումներն ավարտելու ժամկետները քանիցս երկարաձգել են: Դեղամիջոցը գրիպի բուժման համար մշակվել է վեց տարի առաջ: Սակայն հետագայում կենդանիների վրա փորձարկումներ անելիս կողմնակի երեւույթներ են հայտնաբերվել պտղի զարգացման ժամանակ:

Արդյունքում դրա կիրառումը բացառվել է հղի կանանց համար եւ հայտնվել այն պատրաստուկների ցուցակում, որոնցով բուժումը հնարավոր է կառավարության հատուկ կարգադրությամբ այն դեպքում, եթե մյուս բոլոր դեղամիջոցները չեն ներգործում: Մինչդեռ, չինացի բժիշկները դրա արդյունավետությունը հայտնաբերել են թոքաբորբի բուժման ժամանակ, որն առաջացել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի հետեւանքով:

Այժմ Ճապոնիայում կա «Ավիգան»-ի պաշար, որը բավական է երկու միլիոն մարդու բուժման համար: Դրա հետ մեկտեղ, Ֆուձիտայի առողջապահության ինստիտուտի փորձագետները, ամփոփելով «Ավիգան» պատրաստուկի սեփական կլինիկական փորձարկումների արդյունքները, չեն կարողացել դրա արդյունավետությունը հաստատել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ներկայում Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 80 հազար 283 դեպք: Մահացել է 1526 մարդ, ծանր վիճակում է գտնվում 163 մարդ: Ապաքինվել է 72 հազար 63 հիվանդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս