«Վեր հանված նույնիսկ գոյություն ունեցող խնդիրները և առաջարկվող լուծումները միմյանց հետ ուղիղ կապի մեջ չեն գտնվում. խնդիրները հնարավոր է լուծել գործող մոդելի շրջանակներում». Անահիտ Մանասյան

«Ես դեմ չեմ սահմանադրական արդարադատության այս կամ այն մոդելին, որովհետև աշխարհում գոյություն ունեցող բոլոր մոդելներն էլ առաջացող խնդիրների լուծումներ տալիս են: Իմ հիմնական հարցադրումն այն է, որ, եթե մենք որոշակի մոդել ենք ընդունել մեր իրավական համակարգի տեսանկյունից, բնական է, որ այդ մոդելի զարգացումը պետք է ենթադրի դրա շրջանակներում պատշաճ իրացում, և, բնականաբար, այդ ամենը ժամանակ է  պահանջում ու համապատասխան ինստիտուտների կայացում»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների՝ մեկ մարմնում միավորման՝ Գերագույն դատարանի մոդելին:

Սահմանադրագետի խոսքով՝ եթե մենք չենք կարողացել մի մոդելի կողմից առաջարկվող լուծումները պատշաճ ձևով իրացնել, արդյո՞ք հնարավորություն ենք ունենալու այդ մոդելի կողմից առաջարկվող լուծումներն իրացնել:

«Եթե ամեն դեպքում որոշում ենք, որ նման փոփոխություն պետք է իրականացվի, այն պետք է հստակ հիմնավորումներ ունենա այն տեսանկյունից, որ պետք է շատ հստակ, կոնկրետ, արժանահավատ ու ամբողջական ձևով նշված լինեն խնդիրները, դրանց լուծումները, և պետք է նաև հաշվարկված լինեն վտանգները»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Հարցին՝ հանձնաժողովի անդամներին նախագծի հեղինակների կողմից արդյո՞ք ներկայացվել է համապարփակ վերլուծություն, հիմնավորումներ, թե ինչո՞ւ են նրանք հանգել այն եզրակացության, որ Գերագույն դատարանի մոդելը հարմար է մեր երկրին, Անահիտ Մանասյանն ասաց, որ, համենայն դեպս, այդ հիմնավորումներն իր մոտ չեն ձևավորել այնպիսի մասնագիտական տպավորություն, որ մենք ունենք նման փոփոխություն կատարելու տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն:

«Նախագծի հեղինակների կողմից գոյություն ունեցող համակարգի որոշակի խնդիրներ են վեր հանվել, նաև որոշակի լուծումներ են առաջարկվել: Խնդիրների մի մասի հետ ես համամիտ եմ: Մի մասն էլ ես խիստ վիճելի եմ համարում, համենայն դեպս, հեղինակների առաջարկած ձևաչափով: Կարծում եմ, որ վեր հանված նույնիսկ գոյություն ունեցող խնդիրները և առաջարկվող լուծումները միմյանց հետ ուղիղ կապի մեջ չեն գտնվում, գոյություն ունեցող խնդիրները հնարավոր է լուծել գործող մոդելի շրջանակներում»,- ասաց սահմանադրագետը:

Գերագույն դատարանի ստեղծմամբ բոլոր դատավորներն իրավունք են ունենում իրենք որոշել, թե այս կամ այն նորմը սահմանադրականության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Հարցին, թե սա բեռ չի՞ լինելու դատավորների համար, Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ սա շատ մեծ խնդիր ու բեռ կարող է դառնալ դատավորների համար:

«Միգուցե սա շատ ականջահաճո է, բայց մենք պետք է միանշանակ տեսական, հռչակված ձևակերպումներից վերադառնանք իրականություն և փորձենք այդ իրականության շրջանակներում հաշվարկել այն ամենը, ինչ հնարավոր է, առավելություններն ու թերությունները, և այս համատեքստում է, որ ես խնդիրներ եմ տեսնում»,- նկատեց սահմանադրական իրավունքի մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս