Արցախ․ երկիշխանությո՞ւն, թե՞ անիշխանություն

Ինչպես հայտնի է երեկ լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը, հայտնի է նաև, որ պետական միջոցառումներին ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները, իսկ պատճառը մեկն էր՝ Արայիկ Հարությունյանը չէր հրավիրել նրանց միջոցառումներին, քանի որ նրանք Հայաստանի ներկա իշխանության հետ քաղաքական անհամաձայնություններ ունեն։ Իսկ Հարությունյանն աշխատում է չանել քայլեր, որոնք կզայրացնեն պաշտոնական Երևանին։

Սակայն երեկ և այսօր հայկական երկրորդ հանրապետությունից հնչում են անադեկվատ և ռացիոնալության դաշտից դուրս հայտարարություններ, որոնք յուրաքանչյուր սրտացավ հայի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։
Հատկանշականն այն է, որ հայտարարություններն արվեցին պետական ամենաբարձր մակարդակով և, որ ամենազարմանալին ու անտրամաբանականն էր՝ տրամագծորեն հակասում են միմյանց։

Այս հակասական իրավիճակի մեկնարկը նախօրեին իր ասուլիսում տվեց նախագահ Արայիկ Հարությունյանը․ նա ասուլիսում մեկը մյուսից անհասկանալի մտքեր հայտնեց, որոնց յուրաքանչյուրն առանձին մի վերլուծականի թեմաներ են։ Հարությունյանի՝ լուրջ դեմքով ասված բառերից պարզ դարձավ, որ 2016-ի ապրիլին Ստեփանակերտի երկնքում բազմաթիվ ԱԹՍ-եր են եղել, սակայն ամենաշոկային հայտարարություններից էր այն պնդումը, թե «Արցախի միջազգային ճանաչում չճանաչում, ինձ համար կարևոր չէ, կարևորն անվտանգությունն է»։

Դժվար է ասել՝ իրականում ի՞նչ էր ցանկանում ասել Հարությունյանը նման հախուռն մտքեր արտահայտելիս։
Այսօր արդեն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տրված հարցազրույցում, շեշտել էր, որ «Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը»:

Համաձայնեք` պետք չի ունենալ դիվանագիտական կրթություն և փայլուն տրամաբանություն, որպեսզի հասկանալ, որ պետության երկու առանցքային դեմքերի կողմից արվում է ամբողջովին հակասական հայտարարություններ։ Ուղղակի չի կարող լինել այնպես, որ պետության նախագահը հայտարարի, որ երկրի միջազգային ճանաչումը ոչ այքան կարևոր է իր համար, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուն փաստում է, որ դա պետական քաղաքականության թիվ մեկ օրակարգային հարցն է։

Հարությունյանի հաջորդ սենսացիոն միտքը վերաբերվում էր արդեն Արցախի բանակցային հարցերին։ Իր խոսքում նա նշել է, թե ցանկություն չունի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: «Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում»։ Մայիլյանն իր հերթին քանիցս բացահայտ հայտարարել է, որ Արցախի բանակցային գործընթացում, ըստ էության 1997-ից հետո որևէ հստակ բանակցություն տեղի չի ունեցել։

Ինչ է այս ամենը նշանակում, արդյո՞ք երկու պետական պաշտոնյաները, որոնք տարբեր առիթներով նախընտրական շրջանում ունեին Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և փաստացի նախագահի աթոռի համար պայքարում էին միմյանց դեմ, փորձում էին Արցախի հարցի նման անհարկի շահարկումներով միմյանցից քաղաքական վենդետա իրականացնել։ Սակայն ստացվում է, որ այդ վենդետան արվում է Արցախի անվտանգույթունն ու բանակցային կապիտալն ամբողջովին փոշիացնելով, թե՞ ընդամենն իմիտացիա են փորձում ստեղծել և հանրային ուշադրությունն ուղղակի շեղել ներհայաստանյան քաղաքական զարգացումներից։

Փաստ է այն, որ նման գործելաոճն անընդունելի է, քանի որ այն ոչ մի շոշափելի արդյունքի և տրամաբանված վերջնակետի չի հասցնելու՝ ի դեպ երկու կողմին էլ։

Հայտնի բան է, որ պետության մեջ, ինչպես կյանքում և հասարակ հարաբերություններում, կան կանոններ, որոնք թեև որևէ կերպ ամրագրված չեն ու պաշտպանված չեն միջազգային տարբեր կոնվենցիաներով, բայց պակաս կարևոր չեն մայր օրենքներով ամրագրված իրավունքներից, ազատություններից։ Համաձայնեք՝ կան հարցեր, որոնք թեև փաստաթղթավորված լուծումներ չունեն և խախտման դեպքում պատասխանատվության մեխանիզմներ չկան, բայց կարևոր ատրիբուտ են հասարակական-քաղաքական կյանքում, պետականաշինության ավանդույթներում և ընդհանրապես քաղաքական հարաբերություններում։

Հետևելով ներարցախյան քաղաքական քրոնիկոնին և հնչող հակասական հայտարարություններին` պարզ է դառնում, որ չնայած տարբեր շրջանակների կողմից անընդհատ շեշտվում է, թե երկրի ներսում հաստատված է երկիշխանություն, Մայլիյանի այսօրվա հարցազրույցից պարզ է դառնում, որ խոսք չի կարող լինել երկիշխանության մասին, քանի որ երկրում կատարյալ անիշխանություն է ու քաոս։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս