ԱՀԿ-ում գնահատել են կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա մյուս պետությունների համար: Այս կարծիքը Magic ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ պատվիրակ դոկտոր Դեւիդ Նաբարոն։

Հատուկ պատվիրակը հայտարարել է, որ այս երկրի իշխանություններն ապավինել են բնակչության գիտակցությանը՝ չսահմանելով խիստ սահմանափակիչ միջոցառումներ: Նրա խոսքով՝ հարկ է, որ նմանօրինակ ռազմավարությանը մյուս պետությունները հետեւեն ապագայում: Շվեդիայի իշխանությունները կարանտինի խիստ միջոցառումներ չեն սահմանել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը եւ, ըստ հնարավորության, աշխատել հեռավար:

Դպրոցները, մանկապարտեզները եւ ռեստորանները բաց են եղել, բայց բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են:

Շվեդիայի տնտեսությունը, ինչպես եւ մյուս երկրների տնտեսությունները, իրենց վրա զգացել են համավարակի բացասական հետեւանքները. 2020 թվականի ամռանը գործազրկության մակարդակը հասել է գրեթե 9 տոկոսի, ՀՆԱ-ի նվազումը կանխատեսվում է 7 տոկոսով:

Շվեդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 87 հազարը, մահացել է ավելի քան 5,8 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 24,5 միլիոն դեպք, ավելի քան 833 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս