Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքին
Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: Այս մասին հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղու Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցքի մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:
Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով: