Չիրականացված ծրագրերի բյուջեն ուղղորդել Բեյրութի հայ համայնքի խնդիրների լուծմանը

Հայոց Սփյուռքի կենտրոնը՝ Բեյրութը, աղետի մեջ հայտնվեց, աշխարհի տարբեր մասերից օգնության ձեռք են մեկնում մտահոգ հայրենակիցները: Ինքնաթիռներով առաքված հումանիտար օգնությունը միջպետական հարաբերությունների համատեքստում է իրականացվել: Ինչ կարող է անել պետությունը՝ լուծելու համայնքի խնդիրները:

Սփյուռքի գործերով Հանձնակատարի գրասենյակը, ըստ էության, համավարակի հարուցած խոչընդոտների, անգործունակության կամ այլ պատճառներով իր բյուջեի կատարողականն այս պահի դրությամբ չի կարողացել ապահովել: Գրասենյակը պետք է իրականացներ ընդամենը հինգ ծրագիր, որոնցից դեռ միայն թյունինգ արած «Արի տուն» ծրագիրն է փորձում իրականացնել, այն էլ՝ առցանց տարբերակով:

Առավելապես ուզում եմ անդրադառնալ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» կոչին, որ լավ կլիներ նախ՝ ուղղված լիներ հենց գրասենյակին: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ծրագիրը, և կա՞ արդյոք դրա իրականացման անրաժեշտությունը:

Խոնարհվելով  ուսումնատենչ հայ երիտասարդների տաղանդի ու հայրենիքը շենացնելու պատրաստակամության առջև, խորապես հավատալով, որ արտերկրում սովորող երիտասարդները կվերադառնան հայրենիք, կամ կմասնակցեն երկրի առաջընթացի գործին, այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե հնարավո՞ր է, որ հարյուր անփորձ, բուհերը նոր ավարտած ջահելներ գան աշխարհի չորս ծագերից ու փրկեն Հայաստանի իշխանությանն անարդյունավետությունից, կադրային սովից, բյուջեն մսխելու տարերքից, տանջալից հորանջից, հարկատուի վրա ծանր նստող անվերջանալի սխալներից ու դրանք խմբագրելուց,  անտրամաբանության ցեցից, աննախադեպ երևալու մոլուցքից:

Գուցե հարյուր ջահելները գալիս են փրկելու իշխանությանը հենց իրենի՞ց: Իսկ գուցե այս իշխանության վառելիքը սպառվե՞լ է, և նրան նոր համաշխարհային լիցքեր են պետք, նոր հեղափոխություն՝ հեղափոխականների շրջանում, նոր երանգներ; Գուցե պետք է նոր դմփ-դմփ հու-երով նոր դուխ հաղորդեն հոգեվարքի մեջ հայտնված անկարող իշխանությանը: Հեռու լինելով դավադրությունների տեսությունից, այնուամենայնիվ, հարցնենք. իսկ գուցե ուրիշ, մութ ու թաքուն նպատակների համա՞ր են բերվում, Աստված գիտի: Այս հարցերը չէին ծագի, եթե Զարեհ Սինանյանն ու իր թիմը տային Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հուզող հարցերի պատասխանները, աշխատեին բաց ու թափանցիկ: Պետական կառույցը, որը գործում է մեկ տարուց ավելի և իբր աշխատում է աշխարհասփյուռ հայության հետ, պաշտոնական կայք չունենալով՝ իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանում է, որ սփյուռքահայ երիտասարդները գալու են, որ ցնցեն պետական համակարգը: Այսպիսի լեզվամտածողությունը պաշտոնական լրատվության մեջ աննախադեպ է: Հուսամ, երբ կազմեն հարյուր կամ հազար աննախադեպերի ցանկ, սա կարող է ընդգրկվել: Իսկ գրասենյակի ղեկավար,  մասնագիտությամբ իրավաբան Սառա Անջարգոլյանը, ով ութ տարի աշխատել է ամերիկյան տարբեր պետական կառույցներում ու հանկարծ պայծառատես առաքյալի վճռականությամբ եկել է փրկելու հայրենիքը, նոր Հայաստան կառուցելու, հայտարարում է, որ հարյուր երիտասարդները գալու են նոր համ ու հոտ բերեն, ըստ նրանց տրամաբանության՝ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր գործազուրկ երիտասարդներ էլ պիտի երկրից գնան ու ուրիշներին պարգևեն իրենց տաղանդն ու գիտելիքները, համուհոտը, ի դեպ, նրանցից շատերն արդեն այդ դրսի նշանավոր բուհերի շրջանավարտներ են: Թող ներեն ինձ այն խանդավառ երիտասարդները, ովքեր գալիս են փրկելու իշխանությանը կառավարման խորը ճգնաժամից:

Եկեք թողնենք բոլոր ենթադրություններն ու կասկածները և մի քանի պարզ թվաբանական գործողություններ կատարենք:

Եվ այսպես՝ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակին այս տարի բյուջեից հատկացվել է 750 միլիոն դրամ՝ ծրագրերի, և 450 միլիոն՝ պահպանման ծախսերի համար: Գումարի չափը պատկերացնելու համար համեմատենք Սփյուռքի նախարարության բյուջեի հետ, որի ծրագրային բյուջեն տարին միջինը 900 միլիոն դրամ էր, իսկ պահպանման ծախսերը՝ 600:  Այստեղ պետք է նկատի ունենալ, որ նախարարությունն իրականացնում էր  25 ծրագիր, իսկ հանձնակատարի գրասենյակը՝ ընդամենը հինգ ծրագիր, նախարարությունն ունենում էր 90-100 աշխատող, հանձնակատարի գրասենյակը՝ 30- 40, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի բյուջեն տասը տարում տատանվել է 35-100 միլիոնի սահմաններում, իսկ նույն ծրագրի թյունինգի՝«Քայլ դեպի տուն» 2020 ծրագրի բյուջեն կազմել է 140 միլիոն դրամ:   Բայց այստեղ ամենահետաքրքիրն «Ի գործ» ծրագրի բյուջեի ձևավորման պատմությունն ու տրամաբանությունն է: Ինչպես մեկնաբանում է Սառա Անջարգոլյանը, ի սկզբանե բյուջեից պահանջվել է 90 միլիոն դրամ՝ քսան երիտասարդ շրջանավարտ Հայաստան բերելու և նրանց չունեցած փորձով երկրի անկատար պետական համակարգը կատարելագործելու համար: Սակայն, քանի որ ցանկացողները շատ են եղել, դիմել  է 800 երիտասարդ, գրասենյակը որոշել է երիտասարդների թիվը հասցնել հարյուրի, իսկ ծրագրի բյուջեն, ուշադրություն՝ 455 միլիոն դրամի: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երիտասարդի վրա ծախսվելու է 4,5 միլիոն դրամ:

Ուրեմն՝ եթե, ինչպես դասականը կասեր, առաջնորդվեինք այդ սիլլոգիզմով, Մխիթար Հայրապետյանը պետք է ունենար հարյուր մամլո քարտուղար, քանի որ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը (դա իր բնորոշումն է), երբ բազմեց Հրանուշ Հակոբյանի գահին, սիրտը արտասահմանից եկած մամուլի քարտուղար ուզեց, և նա համաշխարհային մրցույթ հայտարարեց,  ինչպիսի՜ զուգադիպություն, աշխարհի բոլոր կողմերից դիմեցին ճիշտ այդքան՝ 800 ջահել աղջիկներ: Գուցե շնորհակալությո՞ւն  հայտնենք Մխիթար Հայրապետյանին, որ այդ տրամաբանությամբ չառաջնորդվեց և չընտրեց հարյուր մամուլի քարտուղար:

Հիմա նորից դառնանք թվաբանությանը, այսպիսով՝ պիլոտային, չփորձված, որևէ կերպ արդյունք չգրանցած «Ի գործ» ծրագրին բյուջեից լրացուցիչ հատկացվեց 365 միլիոն դրամ,  և գրասենյակի  ծրագրային բյուջեն դարձավ մեկ միլիարդ և 115 միլիոն դրամ:

Հիմա պիտի պաղ ջուր լցնեմ գրասենյակի ղեկավարների ոգևորության վրա, ովքեր հպարտությամբ ազդարարում են, որ Հայաստանի պատմության մեջ, երևի նկատի ունեն՝ Տիգրան Մեծից առ այսօր, նման ծրագիր չի իրականացվել: Հիասթափեցնելով՝ ասեմ, որ նախարարությունը դեռ նոր էր ստեղծվել, երբ ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվեց «Թոք թեն» ծրագիրը, որը, ի դեպ, կառույցը տարբեր երկրներում իրականացնում է 1980 թվականից: Ծրագրի  շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Սիրիա, Չեխիա, Լիբանան, վեց փորձագետ ներգրավվեց նախարարության աշխատանքներում: Նրանցից երկուսն աշխատանքի ընդունվեցին նախարարությունում, մյուսներն ակտիվորեն շարունակեցին համագործակցել, և դա ո՛չ թե բյուջեի հաշվին, այլ ՄԱԿ-ի ծրագրով, որն առատորեն վարձատրում էր մեր հայրենակիցներին, մրցույթն էլ իրենք էին կազմակերպել: Հետագայում Հայաստանի և Սփյուռքի տարբեր բուհերից  բազմաթիվ ուսանողներ պրակտիկա անցկացրին նախարարությունում: Երկրորդ նման ծրագիրն իրականացվեց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, Եվրամիության ֆինանսավորմամբ, դա «Յես Արմենիա» ծրագիրն էր, որի շրջանակներում դարձյալ  Սփյուռքի և Հայաստանի քսանմեկ երիտասարդներ մասնակցեցին պետական կառավարման արդիականացման գործընթացին: Նախատեսված էր հաջորդ փուլում ծրագիրն իրականացնել մարզերում, բայց իշխանափոխությունից հետո թավիշի մեջ կորավ-անհետացավ այդ ծրագիրը, փոխարենը՝ հեղափոխական գլուխներում ծնվեց Հայաստանի բյուջեի հաշվին նման թանկարժեք  ծրագիր իրականացնելու գաղափարը:

Դառնանք ծրագրի արդյունավետությանը՝ օրինակ բերելով երկու ամերիկյան բուհ  ավարտած Զարեհ Սինանյանի աշխատանքի արդյունավետությունից ընդամենը մի դրվագ.  գնացել է կառավարություն՝ վարչապետին ներկայացնելու «Ի գործ» ծրագիրը: Միանգամից երկուսով մտնում են լայվ, և ծրագրի չափորոշիչների, պայմանների, պահանջների և այլնի մասին վարչապետի հարցերին նա պարզապես չուներ պատասխաններ, անտեղյակ էր, կամ ակնհայտ էր, որ դեռ այդ ծրագիրը հում էր, անկատար ու անմշակ: Ես ապշեցի, կառավարման ոլորտում նման փնթի, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք անհնար էր պատկերացնել: Դա կառավարման անարդյունավետ աշխատանքի աննախադեպ օրինակ էր, մաստեր կլաս, թե ինչպես չի կարելի աշխատել: Հիմա հարց. եթե այսպիսի արդյունավետության մասին է խոսվում, ապա Հայաստանին պե՞տք  է արդյոք նման ծրագիր, այն էլ՝ համավարակի պայմաններում և դրա հարուցած բազում խոչընդոտները հաղթահարելու ճանապարհով:

Միանալով իմ նախկին գործընկերներից մեկի՝ Անուշ Բեժանյանի առաջարկին և լրացնելով այն, ուզում եմ առաջարկել ՀՀ իշխանություններին, որ կա՛մ հրաժարվեն այդ ծրագրից, կամ իրականացնեն պիլոտային ծրագիր՝ բերելով ոչ թե հարյուր, այլ տասը-տանհինգ շրջանավարտ: Փոխարենը՝ չորս հարյուր միլիոն դրամ կարող են տրամադրել Բեյրութի հայ համայնքի հոգևոր, մշակութային կառույցների, կրթօջախների, լրատվամիջոցների վերականգնմանը, հայրենադարձության կազմակերպմանը: Ավելին, իշխանությունը կարող է ավելացնել այդ գումարը «Քայլ դեպի տուն» ծրագրին հատկացված գումարի հաշվին, որն ըստ էության համավարակի պատճառով չի կայացել, ավելի ճիշտ, կայացել է առցանց եղանակով: Նույն իրավիճակն է նաև մյուս ծրագրերի կատարողականների առումով: Հուսով եմ, որ արդյունքում Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակին հատկացված մեկ միլիարդ 115 միլիոն դրամի մեծագույն մասը խնայվել է, և այն չի գնալու պարգևավճարները ճոխացնելու ուղղությամբ: Դոլարով արտահայտված դա մոտ 2 միլիոն 300 հազար դոլար է, բավականին պատկառելի գումար: Առաջարկում եմ այդ գումարի զգալի մասը՝ մեկ-մեկուկես միլիոն դոլար, ուղղել աղետի մեջ հայտնված Բեյրութի հայ համայնքի խնդիրների լուծմանը, կամ այդ գումարով կազմակերպել առավել ծանր վիճակում հայտնված լիբանանահայերի հայրենադարձությունը՝ բավարարելով նրանց կարիքները և ինտեգրելով նրանց:  Այ դա հայրենի պետության կողմից կլինի աննախադեպ աջակցություն Սփյուռքին, հայրենադարձության կազմակերպում:

Էվելինա Բաղդասարյան

Տեսանյութեր

Լրահոս