ՊԵԿ–ը արկ վճարողների իրազեկման նոր համակարգ է մշակել
Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ:
Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաև օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում: «Համաշխարհային բանկը փորձագիտական աջակցություն է տրամադրել` շտեմարանի որոնման գործիքի տեսքը, տեխնիկական առաջադրանքը մշակելու համար: ՀԲ-ն և ՊԵԿ-ը համատեղ աշխատել են համակարգի ներդրման և փորձարկման ուղղությամբ»,-հայտնում է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի ղեկավար Անահիտ Բասենցյանը:
Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, զետեղված շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: Ինչպես նկատում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները. «Հարկ վճարողները կարող են առաջնորդվել իրազեկման թերթիկներում նշված հիմնավորումներով: Թերթիկը համարժեք է այն փաստաթղթին, որը կոմիտեն գրավոր եղանակով տրամադրում է` հարկ վճարողի գրավոր հարցմանը պատասխանելիս: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը»:
Հուզող հարցերի պատասխաններն ստանալու համար նամակով ՊԵԿ դիմելուց, սպասարկման սրահներ գնալուց կամ հեռախոսազանգերի կենտրոն զանգահարելուց բացի հարկ վճարողները կարող են օգտվել շտեմարանից, արդյունքում` ժամանակ տնտեսել: Հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն` նմանատիպ հարց այլ հարկ վճարողից ստանալիս հարկային մարմինը նրան ուղղորդում է ուսումնասիրել արդեն հրապարակված իրազեկման թերթիկը: «Հարկ վճարողների իրազեկմանն ուղղված նոր գործիքի ստեղծումը միտված է գրավոր հարցադիմումների նվազեցմանը: ՊԵԿ ստորաբաժանումներն ավելի շատ հնարավորություն կունենան ներուժն ուղղելու օրենսդրական փոփոխությունների կատարելագործման և բարելավման աշխատանքներին»,-նշում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետը:
Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ շտեմարանը կհամալրվի նոր թերթիկներով: