«Մենք գնում ենք աբսուրդի… 1 տարի է շուտով լրանում, ինչ գործը գտնվում է դատարանի վարույթում, բայց մենք դեռևս փաստաթղթեր չենք հրապարակել». Դավիթ Սանասարյանի փաստաբան

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով այսօր կայացած դատական հերթական նիստին ներկա չէին ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Հարությունյանը՝ ամենամյա արձակուրդում լինելու պատճառով, և  ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը՝  նույն պատճառով: Անանյանի փոխարեն դատարան էր ներկայացել փաստաբան Լուսինե Ասլանյանը, որը դատարանին հայտնեց, թե ցանկանում է ներգրավվել գործում՝ որպես Տարոն Ավետիսյանի շահերի պաշտպան:

Ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանը հայտնեց, որ համաձայն է, որ դատական նիստն ընթանա իր պաշտպանի բացակայությամբ: Ամբաստանյալ Տարոն Ավետիսյանն էլ հայտնեց, թե համաձայն է, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնի փաստաբան Լուսինե Ասլանյանը:

Դատախազ Գևորգ Սարգսյանը, մեջբերելով ՔԴՕ 304-րդ հոդվածը, ասաց, թե պաշտպանի չներկայանալու կամ  դատական նիստում պաշտպանին մեկ այլ պաշտպանով փոխարինելու դեպքում գործի քննությունը պետք է հետաձգվի:

Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտնեցին, թե մի ամբաստանյալի պաշտպանության բացակայության և մյուս ամբաստանյալի պաշտպանին այլ պաշտպանով փոխարինելու դեպքում դատական նիստը շարունակելը չի կարող ամբաստանյալների իրավունքների խախտում ենթադրել այն դեպքում, երբ ամբաստանյալները կողմ են դատական նիստի կայացմանը:

«Խոսքը նրա մասին է, որ, երբ մենք իրավունքի նորմը մեկնաբանում ենք, պետք է մյուս նորմերի հետ համակարգային ուսումնասիրության արդյունքում մեկնաբանենք: Եվ եթե մեր քրեական դատավարությունը, ընդհանրապես միջազգային քրեական նորմերը, որին հետևում է Հայաստանը և ՄԻԵԴ-ը, թույլ են տալիս, որ ամբաստանյալը կարողանա առանձին իր պաշտպանությունն իրականացնել, չի կարող անձի կողմից փաստաթղթերի հրապարակման նիստի ժամանակ իր պաշտպանի հետ համաձայնեցված միայնակ ներկայացնելն իր շահերը հանգեցնի անձի իրավունքների խախտման: Այսինքն՝  մենք գնում ենք աբսուրդի, եթե բովանդակային ենք մեկնաբանում նորմերը: Նման պայմաններում գտնում եմ, որ առերևույթ իրավունքի խախտում չկա: Մյուս կողմից էլ՝ մենք ունենք մի իրավիճակ, որ 1 տարի է շուտով լրանում, ինչ գործը գտնվում է դատարանի վարույթում, բայց մենք դեռևս փաստաթղթեր չենք հրապարակել: Այսինքն՝ առերևույթ այս գործով ողջամիտ ժամկետների քննությունն անհնարին է ապահովել»,- ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

Սամվել Ադյանի փաստաբան Գուրգեն Մալխասյանը ևս հայտնեց, որ իր դիրքորոշմամբ դատական նիստի կայացումը  իրավաչափ է:

«Հիմք ընդունելով, որ ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի կամարտահայտությունն է գործի քննությունը շարունակել իր պաշտպանի բացակայությամբ, դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը շարունակել տիկին Հարությունյանի բացակայության պայմաններում»,- ասաց դատավոր Դավիթ Բալայանը:

Դատական նիստը  նախագահող դատավորը նաև որոշում կայացրեց փաստաբան Լուսինե Ասլանյանին որպես Տարոն Ավետիսյան շահերի պաշտպան ներգրավել գործի վարույթում:

Դատախազն առարկեց դատավորի գործողությունները, ինչից հետո դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը՝ գործի 24-րդ հատորից:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս