«Թուրքիայի կողմից այդ զոնդաժն անցավ. Իրենց հետաքրքիր էր, թե Ռուսաստանը և Իրանն ինչ ռեակցիա կտան դրան». Ստեփան Դանիելյան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը խթանող գործողությունները կանխելու կարևորության մասին: Երկու կողմերն էլ հայտնել են շահագրգռվածություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ:

Հեռախոսազրույցին, ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նկատելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զորավարժություն է անցկացրել՝ Էրդողանի խոսնակը նշել է, որ հիմա էլ Թուրքիան է Ադրբեջանի հետ զորավարժություն անցկացնում, քանի որ այդ երկու երկրների միջև ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր կա.

«Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միևնույն է, Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։

Հիշեցնենք՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում:

Թուրքիայի նախագահի խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու և վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։

Նշենք՝ սա պաշտոնական Մոսկվայի երկրորդ քննարկումն է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ: Նախագահների զրույցին նախորդել էր նաև երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցին, ֆեյսբուքյան էջում գրել էր. «Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը։ Թե ինչ են խոսել, երկրորդական է այդ խոսակցության բուն փաստի համեմատությամբ։ Ի՞նչ ունենք։ Ունենք այն, որ Կովկասն արդեն ռուս-թուրքական միասնական ազդեցության գոտի է, ինչը, այդ խոսակցությամբ, ըստ էության, Պուտինը ճանաչեց, կամ ավելի ճիշտ՝ իրողությունը, այլապես խոսելու թեմա չէին ունենա։ Արդեն Ռուսաստանը միայնակ ի զորու չի Կովկասում ապահովել կայունություն, դրա համար Թուրքիայի միջամտությունն է անհրաժեշտ։ Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելը պետք է այդ նոր իրողության կոնտեքստում դիտարկել։ Դա այդ փաստի ֆիքսացիան է։ Հարավային Կովկասում, ըստ էության, արդեն երկրորդ ռազմական բազան է հայտնվում։ Սա նոր աշխարհաքաղաքական իրողություն է, եթե չհաշվենք քայլականների քաղաքական թատերաբեմ իջնելը, ինչը նույնպես աշխարհաքաղաքական երանգ ունի»:

168.am–ը Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչպես կհիմնավորի իր կանխատեսումը, թե Հարավային Կովկասում զորավարժությունների անվան տակ փաստացի հայտնվում է երկրորդ ռազմաբազան, և արդյո՞ք Իրանը թույլ կտա նման զարգացումներ տարածաշրջանում։ Քաղաքագետը մանրամասնեց.

«Այստեղ կան խնդիրներ. կա ֆորմալ մասը՝ զինված ներկայությունը կկոչվի ռազմաբազա, թե չի կոչվի, ինչ պայմանագիր կկնքվի, թե չի կնքվի, բայց փաստը փաստ է, որ թուրքական մեծ քանակությամբ զինուժ է արդեն տեղակայվել Նախիջևանում՝ թեկուզ ռազմական փորձերի տեսքով:

Ես կարծում եմ՝ զորքերի մուտքը մի բան է, զորքերի դուրս գալը՝ մեկ այլ բան, և, թե որ մասը նորից դուրս կգա, և որ մասը դուրս չի գա… Սակայն Թուրքիայի կողմից այդ զոնդաժն անցավ. Իրենց հետաքրքիր էր, թե Ռուսաստանը և Իրանն ինչ ռեակցիա կտան դրան: Ռուսաստանն ակնհայտորեն դժգոհությունը ցույց տվեց և ռազմական խաղեր սկսեց մի քանի անգամ ակտիվ ձևով, նաև՝ ռուս-հայկական: Իրանի քայլերին չեմ հետևել, բայց նկատի ունենալով, որ նույն Իրանի և Թուրքիայի միջև կան շատ սուր խնդիրներ Սիրիայում, ապա Նախիջևանում թուրքական զորքի հայտնվելն Իրանում պետք է որ ավելի սուր ձևով ընկալվի՝ նաև հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն մոտենում է Իրանի այն շրջաններին, որտեղ թուրքալեզու ժողովուրդներ են բնակվում:

Նաև հիշենք, որ դրանից առաջ եղել են ընդհարումներ թուրք-իրանական սահմանում՝ քրդերի հետ կապված: Այս առումով կարելի է ուղղակի ասել, որ թուրքական ներկայությունն արդեն փաստ է և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում, ու հիմա այդ փաստի՝ իրավական հիմքերը դնելու գործընթաց է ընթանում՝ պայմանագրեր են կնքվում, զորախաղեր են լինում, և, կարծում եմ, գնալով՝ թուրքական ներկայությունն ամրապնդվելու է»:

Մեր հարցին, թե սրանք թուրք-ադրբեջանական առաջին համատեղ զորավարժությունները չեն Նախիջևանում, հետևաբար՝ ինչո՞վ է սա տարբեր, որ նման վերլուծությունների առիթ է տվել, Ստեփան Դանիելյանը պատասխանեց.

«Արդեն մասշտաբներն են տարբեր, երկրորդը՝ ժամանակն է մի քիչ այլ. Եթե առաջ նույն՝ թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական խնդիրներն այդքան սուր չէին, և մենք ինչ-որ առումով համարում էինք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կա որոշակի փոխադարձ պայմանավորվածություններ, զսպելու մեխանիզմներ, ապա հիմա Թուրքիան իրեն բավականին անկախ է պահում և կոնֆլիկտների է գնում բոլոր կողմերի հետ:

Այստեղ նաև Սոֆիայի տաճարի հետ կապված խնդիրը կա, որը խորհրդանշական քայլ էր. Արդեն Աթաթուքի քաղաքականությունից (որն ասում էր՝ մենք թուրքական ազգ ենք և տարածքային հավակնություններ չունենք այլ երկրների հետ) անցում է կատարվում օսմանիզմի, և, ըստ էության, տարածքային հավակնություններ ունի նախկին օսմանյան տարածքների հանդեպ: Սա արդեն այս ամենին նոր բովանդակություն է հաղորդում»:

Նշենք՝ զորավարժությունների մասին հայտարարել է նաև Իրանը. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մի մասն է) Պարսից ծոցի շրջանում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում ձեռնամուխ է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային և օդատիեզերական ուժերը: Գործակալության տվյալներով՝ Իրանի զինվորականները վարժանքների երկրորդ օրը, որը մեկնարկել է հուլիսի 29-ին, կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում:

Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որն ուղեծիր է դուրս բերվել ընթացիկ տարվա ապրիլին:

Տեսանյութեր

Լրահոս