«Եթե Մոսկվան ընկղմվել է քաոսի մեջ, ապա կարելի է ասել, որ Բաղրամյան 26-ը երբեք դուրս չի եկել դրանից»․ Մոդեստ Կոլերով
«ՌԴ-ում հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով տավուշյան սրացումից հետո ՌԴ տարածքում գրանցված հայ-ադրբեջանական ազգամիջյան միջադեպերին ու անկարգություններին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում մի շարք անկարգություններ գրանցվեցին ՌԴ տարածքում տեղի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ադրբեջանցիները սադրիչ քայլերի էին դիմել, հարձակվել էին ազգությամբ հայ ՌԴ բնակիչների, նրանց սեփականության վրա։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը նույնիսկ հայտարարություն տարածեց՝ ՌԴ-ում բնակվող հայաստանցիներին կոչ անելով չտրվել ադրբեջանական սադրանքներին։ Վարդան Տողանյանը հորդորել էր չմասնակցել ակցիաների կամ հավաքների:
Նրա համոզմամբ՝ հենց հայկական կողմի այդ պատասխան քայլերի վրա են հիմնված ու հաշվարկված հակառակ կողմի՝ հանրության մեջ լարում առաջացնող գործողությունները: «Խնդրում են նաև սոցիալական ցանցերում հանդես չգալ նման բովանդակությամբ կոչերով, չտարածել այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք կարող են էսկալացիա և լարված իրավիճակ առաջացնել: Ողջախոհություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Ներկա պայմաններում մեզ հարկավոր է համախմբված լինել, հանդես գալ միասնական դիրքերից, համաձայնեցնել մեր գործողություններն ու կանխել ցանկացած սադրիչ դրսևորում»,- ասել էր դեսպանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում էր անցկացրել ՌԴ-ում հայկական և ադրբեջանական միությունների ղեկավարների հետ։ Ստեղծված իրավիճակի մասին խոսվել էր նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին օրերս հարցազրույց էր տվել ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին և ներկայացրել դրանից մի հատված, որում ասել է․ «Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու և այդպիսի զարգացում թույլ չտալու համար»։
Մոդեստ Կոլերովը նշեց, որ եղան մի քանի լոկալ և կարճ ազգամիջյան կոնֆլիկտներ Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում, և դա անկարգություն որակելը երևի թե սխալ է՝ դրանցում ներգրավված մասնակիցների թվաքանակի պատճառով։
Նա ընդգծեց, որ դրանք դադարեցվել են․ ՌԴ Ոստիկանության գործողություններն օպերատիվ էին։
«Կան հաղորդագրություններ, որ այդ կոնֆլիկտները երկու կողմից էին, և Սերգեյ Սարկիսովի երեկվա հայտարարությունը, թե պատրաստ է փոխհատուցել ադրբեջանցիների բիզնեսի վնասները՝ հաստատում է, որ երկու կողմից է եղել այդ ամենը։ Իշխանությունների արձագանքն արագ էր, համարժեք, բախումները դադարեցվել են։ Սակայն, կարծում եմ, որ ադրբեջանական կողմից դրանք կրում էին կենտրոնացած, կազմակերպված բնույթ։ Այսինքն՝ իշխանությունների կողմից։ Չեմ կարող ասել, որ նրանք ուղիղ են դա կազմակերպել, սակայն նրանք նմանատիպ քայլերի փորձ ունեն։ 2009 թվականի սկզբին, երբ Մոսկվայի նախորդ քաղաքապետ Լուժկովը սկսեց հեռացնել մոսկովյան շուկաներում ապօրինի առևտրականներին, որոշումն առաջին հերթին հարվածեց Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք առևտրով էին զբաղվում, դա հարուցեց աղմկոտ արձագանք Բաքվից, և ես նույնիսկ Բաքվում էի ու հետևում էի այդ ամենին։
Միգրացիոն կարգուկանոնի հաստատումը տարածվում էր 150 հազար մարդու վրա, և Ալիևի որոշմամբ հատուկ հանձնաժողով ստեղծվեց այդ հարցով, հայտարարվեց այդ հանձնաժողովի կազմը և Իլհամ Ալիևի որոշմամբ հանձնարարվեց Համառուսական ադրբեջանական կոնգրեսին զբաղվել այս հարցով, ամեն կերպ աջակցություն ցուցաբերելով տեղահանվողներին, աշխատանք կորցնողներին և այլոց։
Այդ կոնգրեսը ՌԴ-ում ուներ 14 տարածաշրջանային մասնաճյուղ և, փաստորեն, դրանք դարձել էին պսևդոհյուպատոսություններ, քանի որ պետական գործառույթներ էին դրվել այդ մասնաճյուղերի վրա։ Դա, իհարկե, զայրացնող էր, Կոնգրեսն իր 14 մասնաճյուղերով ուղիղ կերպով դարձավ Ադրբեջանի իշխանությունների կառույցը, որը ստացել էր հատուկ հանձնարարություն։ Այդ ամենից հետո, մի քանի տարի անց այդ կոնգրեսը չեզոքացվեց, արգելվեց։ 2009 թվականի օրինակը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանություններն ունեն փորձ նմանատիպ աշխատանքի սփյուռքի հետ, և դա կենտրոնացված փորձ է»,- ասաց Մոդեստ Կոլերովը։
Նրա կարծիքով, այդ անկարգությունները կարող էին ակնթարթորեն ավարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, եթե նման խնդիր դրված լիներ նրանց առջև։
«Բայց այն փաստը, որ ադրբեջանցի սեփականատերերը՝ «Ֆուդ սիթի»-ն և այլք, որոշում կայացրեցին թույլ չտալ հայկական ապրանքների մուտքը, նախադեպ էր, օրինակ էր հետագայում արդեն այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանցի սեփականատերերը, այդ առևտրային ցանցերը մշտապես իմացել են, որ ունեն հայ մատակարարներ, և նրանք ունեցել են հնարավորություններ գոնե հեռախոսով նրանց տեղեկացնել, որ խզում են պայմանավորվածությունը կամ չեղարկում են պայմանագիրը, դա մասնավոր բիզնես է և կարող է ցանկացած մեկնաբանությամբ խզել համագործակցությունը։ Բայց նրանք դա չարեցին, այլ արեցին անկարգություն՝ պարզապես նրանց թույլ չտալով իրացնել ապրանքը։ Նրանք միշտ իմացել են, որ ունեն հայ մատակարարներ և մշտապես օգտվել են այդ ապրանքներից, բայց նրանք որոշեցին խզել հարաբերությունները նման դեմոնստրատիվ կերպով, կոպիտ, և հենց դա էր պատերազմի հայտարարման առաջին քայլը։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները տեղյակ չէին այդ առաջին գործողության մասին, իսկ մնացյալն արդեն երկրորդ գործողությունն էր՝ փողոցային ջարդերը, խուլիգանական գործողությունները, որոնք հայերի կողմից շատ ավելի փոքրաթիվ էին, անկազմակերպ, հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը։
Նա նաև ասաց, որ առաջին անգամ, թեև փոքրաթիվ՝ նման միջադեպեր տեղի ունեցան ՌԴ տարածքում, որի պատճառը, իհարկե, տավուշյան սրացումը չէր։ Ըստ նրա, 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին կամ դրանից առաջ ու հետո երբեք նման բան չէր եղել։
«Կարծում եմ, որ սա գիտակցված քաղաքական որոշում էր՝ նման կերպ ճնշում գործադրել ՌԴ իշխանությունների նկատմամբ։ «Ֆուդ սիթիի» քայլից հետո Մոսկվայի քաղաքապետարանի համարժեք արձագանքի բացակայությունը միայն խթանեց սրացումը»,- ասաց Կոլերովը։
Նա շեշտեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի պաշտոնական, հրապարակային գործողությունները շատ լավն էին, արդյունավետ, որակյալ, նա մաքսիմում ջանքեր ներդրեց, որպեսզի ոչ միայն չեզոքացնի խնդիրը, այլև նա շատ բան արեց։
«Եթե Մոսկվայում դեսպան լիներ նոր իշխանության ինտելիգենտներից մեկը, ապա նա չէր հաղթահարի, իսկ Վարդանը փորձառու մարդ է և ամենաշատ ջանքերը ներդրեց և ես կարծում եմ, որ հենց նրա ակտիվ ամենօրյա քայլերն ամրապնդեցին մեր իշխանությունների դիրքորորոշումը, որ աչք չփակեն «Ֆուդ սիթիի» կոմերցիոն անկարգության վրա»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՌԲԿ-ին արած պնդմանը՝ Կոլերովն ասաց, որ միշտ էլ կարող է գտնվել մի հիմար, որը հանցագործություն կարող է անել, ուստի Ռուսաստանը չի կարող կանխել, բայց մինիմալիզացնել, այո՛, կարող է։
«ՌԴ իշխանություններն այդպես էլ արեցին, բայց ես գիտեմ, որ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքն այդ երևույթն այլ կերպ է դիտարկում, և հաղորդագրություններից մեկն այն մասին էր, որ «Մոսկվան ընկղմվում է քաոսի մեջ»։ Բայց եթե Մոկսվան ընկղմվել է քաոսի մեջ, ապա կարելի է ասել, որ Բաղրամյան 26-ը երբեք դուրս չի եկել դրանից»,- ասաց Կոլերովը՝ հավելելով, որ նման ազգամիջյան ջարդերի հրահրման համար Ռուսաստանում այդ ալիքը կփակվեր վաղուց։
Բայց, նրա կարծիքով, այն հատուկ հրապարակվում է ռուսերեն լեզվով, որպեսզի հասնի ՌԴ-ին։ «Դա Փաշինյանի տեղեկատվության հայելին է, ինչը նշանակում է, որ նմանատիպ օգնականները նրան ձեռնտու են, եթե նա ցանկանար, վաղուց կհերքեր այդ ալիքի կիսապաշտոնական կարգավիճակը։ Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսել եմ այս մասին, և գիտե՞ք, թե ինչ են ասում, ժպտում են ու ասում՝ «մենք կապ չունենք»։ Այսինքն՝ նրանք կարող են ազդել, բայց չեն ցանկանում»,- ասաց նա։