«Մենք երբեք որևէ կերպ չենք հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից». Տաթևիկ Հայրապետյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի բախումների վերաբերյալ, որում մասնավորապես նշել են.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը։

Համանախագահները կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ մարտական գործողությունների թուլացումից և նախապատրաստվել առարկայական բանակցությունների՝ կոնֆլիկտի համապարփակ լուծում գտնելու համար։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այս բարդ շրջանում չափազանց կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից՝ ներառյալ սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները՝ ուղղված քաղաքացիական բնակչությանն ու կրիտիկական ենթակառուցվածքներին։

Համանախագահներն ընդգծում են, որ համանախագահող երկրների համատեղ ջանքերը քննադատող վերջին հրապարակային հայտարարությունները կամ կարգավորման գործընթացի մեջ միակողմանի «նոր պայմաններ» սահմանելու և ձևաչափը փոխելու ձգտումները չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը։ Համանախագահները հաստատում են, որ տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս արտահայտվում է առավելապաշտական մոտեցումներից զերծ մնալու, հրադադարի ռեժիմին խստորեն հավատարիմ մնալու, սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու մեջ»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը բավական հասցեական էր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ հայտարարության մեջ հստակ հասցեականություն կար, մասնավորապես, հստակ նշվում է, որ չպետք է ձեռնարկվեն պրովոկատիվ քայլեր, որոնք ընդհանուր վնասում են բանակցային գործընթացը, չպետք է հնչեն սպառնալիքներ՝ ուղղված քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև ինֆրաստրուկտուրաներին, կարծում եմ՝ հստակ է, որ այստեղ խոսքը Մեծամորի ատոմակայանի մասին է:

Միևնույն ժամանակ՝ խոսվում էր սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության և քաղաքական կամքի մասին, որպեսզի մարդիկ զերծ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից, և հստակ է, որ այստեղ խոսքը կրկին Ադրբեջանի մասին էր»:

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե այնտեղ չէր հիշատակվել հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, որին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, նա մեջբերեց  հայտարարության վերջին նախադասությունը, որում նշվում է․«Համանախագահները վերահաստատել են ցանկացած ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ հնարավոր դարձնել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը շփման գիծ»։

Այնուհետև Տ․ Հայրապետյանը հավելեց.  «Եթե հիշում եք՝ նրանք դուրս եկան համավարակով պայմանավորված Ադրբեջանի կոչով, թե համավարակը խնդրահարույց է մոնիտորինգ իրականացնելու համար, և շեշտվում է, որ նրանք արագորեն պետք է վերադառնան:  Բնականաբար, մոնիտորինգ իրականացնողների վերադարձը  ենթադրում է նաև հետագա մեխանիզմների քննարկում:

Անընդհատ շեշտվում է «առարկայական բանակցություն» արտահայտությունը. Հայաստանը միայն ու միայն կողմ է առարկայական բանակցություններին, բայց հայկական կողմը մշտապես նշել է՝ ինչպես խոսել բուն լուծման մասին, եթե չկա փոխվստահության մթնոլորտ, եթե Արցախը, որի ճակատագիրը քննարկվում է բանակցային սեղանին, բանակցային սեղանի մոտ նստած չէ:

Այսինքն՝ բոլոր օրակարգային կետերը, որոնք հայկական կողմն առաջ է մղում, հենց դրանք էլ բերելու են սուբստանտիվ-առարկայական բանակցությունների, իսկ Ադրբեջանը շարունակ դրա դեմ է աշխատում: Ավելին ասեմ՝ նման հակահայկականության պայմաններում, որն առկա է Ադրբեջանում, և որի ականատեսը եղանք նաև հուլիսի 14-ի լույս 15-ի հայտնի ցույցի ժամանակ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր նշած էքզիստենցիալ անվտանգության վերաբերյալ թեզն ավելի քան պատճառաբանված և հիմնավորված է, էլ չեմ խոսում՝ տարբեր երկրների մայրաքաղաքներում  ադրբեջանցիների պրովոկացիաների և սադրիչ գործողությունների մասին»:

Հարցին, թե վարչապետի նիստից հետո շատերի մոտ տպավորություն էր, թե նա վերադառնում է Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված Վիեննա-Ժնև-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, այդպե՞ս է, նա պատասխանեց.

«Կարևոր հարց եք տալիս, բանակցային գործընթացը հենց այն է, որը «նախկիններ» ինչ-որ առումով չի ճանաչում, այսինքն՝ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ապրիլյան հայտնի դեպքերից հետո, և մենք երբեք որևէ կերպ չենք հրաժարվել ձեռք բերված  պայմանավորվածություններից: Դրա վերաշեշտադրման կարիք կա այժմ, որը և իրականացվում է տարբեր առումներով, որովհետև վարչապետը կրկին պարզ հարց է տալիս, եթե իրենք նման ձևով պրովոկացիայի են գնում (եկեք չմոռանանք, որ քիչ թե շատ հարաբերական կայուն իրավիճակ ունենք մենք վերջին երկու տարում՝ մինչև տավուշյան հայտնի դեպքերը), այսինքն՝ սա նշանակում է, որ դրանք արագորեն պետք է նորից քննարկվեն և տեսնեն, թե ինչ ձևով են առաջ գնում, բայց այն, որ դա կազմում է փոխվստահության մթնոլորտ, միջավայրի ձևավորում, դրա բաղկացուցիչ մասը և դրա մասին բազմիցս նաև ԱԳ նախարարն է շեշտել, կարծում եմ՝ դա երբևէ հարցականի տակ դնելու իմաստ չունի»:

Մեր նկատառմանը, թե՝ ասացիք՝ չեք հրաժարվել, բայց կարծեք այս երկու տարում այդ մասին չի էլ շեշտվել. մինչև վերջին հայտնի իրադարձություններն ավելի շատ խոսվել է բանակցային մթնոլորտի, խաղաղության, փոխվստահության մասին, արդյոք ուշ չէ՞ հիմա այս մասին շեշտադրումներ անել՝ հաշվի առնելով երկու տարվա դադարը, պատգամավորն արձագանքեց.

«Որ մոնիտորինգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա, հայկական կողմը բազմիցս խոսել է դրա մասին՝ նույն ԱԳ նախարարի բազմաթիվ հայտարարություններ եմ տեսել-մեկնաբանել այդ տեսանկյունից։ Այսինքն՝ դա երբեք օրակարգից դուրս չի եկել. Միգուցե հիմա դրա վերաշեշտադրումներն այս փուլում տավուշյան գործընթացն էլ ավելի արդիական է դարձնում, բայց, որ դրանք մշտապես օրակարգում են եղել, կարծում եմ՝ որևէ մեկիս համար հարցական չէ, և արտգործնախարարն էլ է դրա մասին խոսել, որ դրանք, ինչի մասին նշեցիք, մթնոլորտ, «միջավայր»՝  զամբյուղ է, որի բաղկացուցիչ մասը նաև հայտնի պայմանավորվածություններն են՝ փոխվստահության մեխանիզմների ներդրման:

Այլ խնդիր է, որ Ադրբեջանը կարող է վերցնել հայտնի պայմանավորվածություններից մեկ-երկու դրույթ և դրանով ներկայացնել, թե ինքն ընդունում է ամբողջական փաթեթը, բայց իրականում դա այդպես չէ, իսկ մեզ անհրաժեշտ է, որ ինչ առաջարկվում է՝ որպես փոխվստահության մեխանիզմ, մշտադիտարկման համակարգ, ամբողջությամբ ընդունվի և ներդրվի՝ հետագա էսկալացիներից խուսափելու համար»:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մինչև կորոնավիրուսը գոյություն ունեցող հրադադարի պահպանման մոնիտորինգին, նշել էր, որ այն փաստացի խիստ սահմանափակ է, և անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը կլինի մշտական և կունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:

«Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, և թե՛ շփման գծում»,- ասել էր վարչապետը:

Հիշեցնենք նաև՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք էին բերվել հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություններ, մասնավորապես՝ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ։

 

Տեսանյութեր

Լրահոս