Բաժիններ՝

«Ճակատներն ու խորությունները փոխվել են, ուստի շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում». Արծրուն Հովհաննիսյան

Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և վստահ եմ` չի ունենա:

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, վստահեցրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Տավուշում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը և ՀՀ ԱԻՆ-ի հայտարարությանը:

«Բարեբախտաբար, իրավիճակը հանգիստ է»,-նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ սահմանում տիրող իրավիճակին, հայտարարել է. «Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Ճեպազրույցին Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կորուստներին` նշելով, թե հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին հստակ թիվ չի կարող ասել, որովհետև վերջնական հստակ թիվ դեռ չկա:

«Մենք այսօր տեսել ենք 11 զոհի հաստատում, որոնց մեջ մտնում էին առաջին օրերի զոհերը: Թվերը կարող են փոխվել: Գրեթե վստահ եմ, այդ թվում են նաև երրորդ բանակային կորպուսի շտաբի պետի և հրետանու պետի անունները՝ վերևում, և մինչև ներքև՝ պայմանագրային զինծառայողներ, շարքայիններ», – ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկ:

«Տանկն ամենածանրը չէ, եթե օգտագործվել է հաուբից, «Գրադ»: Այո, օգտագործվել է նաև «Գրադ»»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է 2 ժամկետայինների զոհվելու հանգամանքներին, ռազմական վերլուծաբանը նշեց, որ մարտական գործողությունները միայն առաջնագծում չեն տեղի ունենում, երբ հակառակորդը, օրինակ, մարտական ԱԹՍ-ներ է օգտագործում:

«Ժամանակակից պատերազմում, ըստ էության, առաջնագիծ և թիկունք հասկացությունները շատ հարաբերական են: Այո, մենք փորձում ենք առաջնագծում մարտական հերթապահության մեջ չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս