Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով, վարակի նոր օջախներ են հայտնաբերվել մայրաքաղաք Ստեփանակերտում և Մարտակերտ քաղաքում: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը, այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ»,- ասված է հաղորդագրությունում:

Կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 522 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս