Ծառերի կոտորած էր. Արվեստագետը՝ Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառի վիճակի մասին
Ամեն ամառ «Մունետիկ» հ/կ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում:
Օրերս հասարակական կազմակերպության նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը գնացել է անտառ, ու իր առջև շատ վատ տեսարան է բացվել:
«Ծառերի կոտորած էր: Տեղացիների պնդմամբ՝ սրա հեղինակը նույն անտատի անտառապահն է, և ամեն ինչ արվում է գլխավոր անտառապետի թողտվությամբ։ Ծառերը ժամանակի ընթացքում մեծացել էին, ու բավականին խիտ անտառ էր դարձել: Բարակ-բարակ ծառեր էլ կային, այսինքն՝ շատ հարմար մացառներ էին ստեղծվել: Այդ բարակ ծառերը հաճախ կտրում են, անտառտնտեսությունը դրա համար հատուկ գումար է հատկացնում, հրաման է տալիս, չափում են քմ-ով, անտառը բացում են: Հայանտառ ՊՈԱԿ-ի լռության պատճառով ինչ ուզում՝ անում են, և օրենքի ոտնահարումից բացի՝ դրա արդյունքում կրկին տուժում է մեր ծրագիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ հոգնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին դիմելուց, ուստի հիմա արդեն դիմելու են ՀՀ վարչապետին՝ անհասկանալի իրավիճակին օրինական լուծում տալու համար:
«Այսպես մինչև ո՞ւր կարող է գնալ: Գյուղացիների պնդմամբ՝ ամեն տարի ծառերը չորանում են, անտառապահը գնում, արագ տնկիները հանում է, որ աղմուկ չբարձրանա»,- նկատեց «Մունետիկ» հ/կ նախագահը:
Նա հայտնեց նաև, որ այս տարի ծրագիրն առցանց կիրականացվի:
Նշենք, որ 2002 թվականից հ/կ-ն Ապարանում կազմակերպում է խեցեգործության սիմպոզիում, և ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքում են պայմանագիր, սակայն 2019թ. պարզվել է, որ այդ տարածքը վարձակալվել է: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որն արդեն դարձել է կոմիտե, դիմեցի, պարզվեց, որ տարածքը, որտեղ որ մեր ծրագիրն ենք կազմակերպում, երբևէ չի գտնվել որևէ մեկի վարձակալության ներքո, այսինքն՝ 16 տարի մեզ սուտ թուղթ են տվել, որ այդ տարածքը գտնվում է ինչ-որ մեկի իրավասության ներքո: Սա ակնհայտ կոպիտ խախտում է: Մի խոսքով՝ խնդրեցի, որ մեզ թուղթը տան, որպեսզի գնանք ու մեր ծրագիրն այնտեղ անցկացնենք: Պատասխանեցին՝ վաղը կտանք, հաջորդ օրը կտանք, ու այսպես շարունակ: Միշտ այսպես են աշխատել: Մի ամիս անց ինձ նամակ եկավ, որտեղ գրված է, որ տարածքի վերևի մասը վարձակալվել է, իսկ ներքևինն ազատ է, կարող են մեզ տրամադրել: Գնացի, ասացին, որ ներքևի հատվածում արդեն ծառատունկ են արել»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Հրաչյա Համբարձումյանը:
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի արձագանքը կներկայացնենք ավելի ուշ: