«Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում». Ալեն Սիմոնյան
«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրենց երդումներով նամակ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով՝ չեմ բացառում, կարող է սով սկսվել, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել»,- Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ երեք ամիս հետո Հայաստանում սով է սկսվելու:
ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց լրագրողներին 2-3 ամիս անց սով լինելու վերաբերյալ հարցն ուղղել Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով, բա ո՞ւր է նշած սովը:
Լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հարյուր հազար ձայն է ստացել, սա չի՞ նշանակում, որ ժողովուրդը ներել է ԲՀԿ-ի ընտրակաշառք տալը, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ համակարգ գոյություն ունի:
«Ինքներդ լավ գիտեք՝ քանի ընկերություն կա, որոնք հանձնված են կառավարման։ Համակարգ գոյություն ունի, իներցիա գոյություն ունի, բայց այն բանը, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո քաղաքական կամք եղել է և ընտրակաշառք որևիցե մեկին չի թույլատրվել բաժանել, և ոստիկանությունը կամ այլ իրավական կառույց աչք չի փակել՝ դա փաստ է»,- հավելեց նա։
168.am-ի հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի թեստ հանձնել է, քանի որ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև իրենց խմբակցությունից այլ պատգամավորների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հաճախակի արագ թեստերից է հանձնել, երկու օր առաջ ավելի լուրջ թեստ է հանձնել, և բացասական է եղել պատասխանը։
Ինչ վերաբերում է խորհրդարանի հետագա աշխատանքի կազմակերպման մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կախված իրավիճակից՝ որևէ լուծում կգտնեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում