«Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել». Արամ Օրբելյան
Հաշվի առնելով, որ երկու օր առաջ ընդունվեց սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթը, որի մասին խորհրդարանական երկու խմբակցություն հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, թե ամբողջությամբ ապօրինի փաթեթ է և չի համապատասխանում սահմանադրությանը, սակայն խմբակցություններից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը, ուստի այսօր փաստաբաններն իրենց պաշտպանյալի հետ վերջնական քննարկել են և որոշում են ընդունել հրաժարվել ներկայացրած դիմումից: Սահմանադրական դատարանի բակում տեղի ունեցած լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Որոշում ընդունեցինք հետ վերցնել, հիմա պարոն Վարդևանյանը դիմում է ներկայացնում, ըստ որի՝ խնդրում ենք, հիմք ընդունելով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան հոդվածը՝ հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները: Այսինքն՝ այն դիմումները, որոնք ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացմանը որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պիտի պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- մանրամասնեց Օրբելյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերին իրենց հորդորն ու խնդրանքը՝ Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել:
«Այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում, և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող է ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ամսաթվին՝ հիմք ընդունելով մեր դիմումը, և միանալ այդ գործընթացին»,- շեշտեց Քոչարյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանն» այս փուլում չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: