«Ես հինգի մասին գիտեմ». Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ վերլուծելով կորոնավիրուսային իրավիճակը, տեսնում են, որ վարակվածների թվերն աճում են, հետևաբար՝ այս պահին պիկի մասին խոսելը վաղ է:
«Այստեղ շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս վաղ հայտնաբերվեն կոնտակտավորները, նրանց մեկուսացումը, թեստավորումը և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը: Այսինքն՝ այս շղթան պետք է պատշաճ իրականացվի, քանի դեռ թեստավորումներն ավելացել են և դրանց մեջ դրական պատասխանների թիվն աճում է, նշանակում է՝ պետք է շարունակել ավելացնել թեստերի քանակը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը:
168.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանում, հատկապես՝ այսօր, գրանցվել են ռեկորդային թվով վարակվածներ, եթե նման թվերի հետ գործ ունենք, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ ամենը ավելի շատ թեստեր անելու արդյունքում է, օրինակ, եթե արվի 3000 թեստ, կարող է 1000-ի պատասխանը դրական լինել:
«Սրանից պետք չէ վախենալ, սա դրական միտում է, որովհետև նշանակում է, որ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին: Այս պարագայում ցածր թվերը, եթե վերցնում ենք տոկոսային հարաբերակցությունը արված թեստերի և դրական հայտնաբերվածների, ապա այստեղ ցածր թվերը դրականի մասին չեն խոսում: Հետևաբար՝ սա նշանակում է, որ մենք ունենք վարակակիրներ, որոց դեռևս չենք հայտնաբերել»,- ասաց Նարեկ Զեյնալյանը:
Մեր հաջորդ հարցին, որ խորհրդարանում արդեն մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով, ինչպե՞ս են պատկերացնում և փորձում կազմակերպել խորհրդարանի հետագա աշխատանքը, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ տասնյակ վարակված պատգամավորի մասին տեղեկություն չունի: «Ես հինգի մասին գիտեմ: Ինչ վերաբերում է իմ թեստավորմանը, ապա վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում չեմ թեստավորվել, թեստավորումը դրանից առաջ է արվել՝ պատասխանը բացասական է եղել: Բնականաբար, խորհրդարանն աշխատում է պահպանել բոլոր կանոնները, ախտահանվում են դահլիճները, որպեսզի վարակի տարածում այստեղ տեղի չունենա: Կարծում եմ՝ խորհրդարանի աշխատանքներն այս պայմաններում չեն կարող դադարել»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում