«Ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտութուն է տարածում երկրով մեկ 6-7 հեռուստաընկերություններով». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթից առաջ առողջություն մաղթեց կորոնավիրուսով վարակված բոլոր պատգամավորներին և բոլոր քաղաքացիներին:

Իր խոսքում նա նշեց, որ ավելի շատ կխոսի ոչ թե 2019 թվականի կատարողականի թվային ցուցանիշների մասին, որովհետև արդեն բազմիցս այդ թեմաներով խոսել է, այլ հրատապ, այդ թվում՝ բարձրացված հարցերի մասին.

«Կսկսեմ ժողովրդավարությունից: Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանը արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրում է:

Այսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից, ցույց տվեք Երրորդ Հանրապետության  մեջ իրավիճակ, երբ առնվազն  3-4, եթե ոչ՝ 6-7 հեռուստաալիք կամ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»,- ասաց վարչապետը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան խմբակցության» ղեկավար  Էդմոն Մարուքյանի ելույթին:

Նիկոլ Փաշինյանն իր արձագանքում հիշեց նաև անցյալի մի քանի դրվագներ.

«Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին, ես, բնականաբար, կոնկրետ դեպքերով չեմ կարող գոնե այս պահին պարզաբանում տալ, բայց դուք անուն տվեցիք: Այդ Ձեր ելույթի ընթացքում գնացի 1999  թվականի հոկտեմբերի 27, գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե դետալներով՝ անձանց աշխատանքի վայրի հետ կապված, սխալվեմ, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ, եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե  չէր աշխատում, բայց Ձեր  ելույթով ուղղակի հիշեցի, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ համապատասխան մակագրություն, լույս տեսավ այդ թերթում:

Գիտեք, այսօր եկեք այլ տեսակետից նայենք՝ Հայաստանում խոսքի ազատության ինչ մակարդակ է, և խոսքի ազատությունն ինչպես է օգտագործվում»:

Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատություն սահմանափակումներ էին մտցրել, ականջալուր են եղել քննադատություններին, Մարդու իրավունքների պաշտպանի հորդորներին, հանել են այդ սահմանափակումները.

«Ասելով, որ սա իսկապես համազգային հարց է. սա հո կառավարություն-ընդդիմություն հարց չի՞, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները կորոնավիրուսի հետ կապված, և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է՝ հենց կառավարության կայացրած… այ, որ ասում են՝ ինչ եք արել սխալ՝ այ է՛դ ենք արել սխալ։ Ձեր հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով, որ հանեք, որ մարդկանց էսօր էդ մամուլը, էդ մամուլի  ազատությունը, էդ սոցիալական ցանցերի ազատությունը, որից մենք չենք պատրաստվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձաձայնել այդ մասին, մարդկանց մղում են մահվան: Ընդ որում՝ մարդկանց մղում են մահվան  այդ իմ ասած գարշահոտությունը տարածող  ուժերի ֆինանսավորմամբ: Որովհետև գարշահոտությունը տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի Հայատսնում կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք  ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու»:

Անդրադառնալով թերթերի ֆինանսական աղբյուրների թափանցիկության թեմային՝ վարչապետը նշեց. «Խոսում են թերթերի մասին. Այո՛, ասել ենք և ասում ենք, ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ էդ Ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն-ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցների՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար:

Չհասկացա՝ ինչո՞ւ պիտի կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները պետք է չլինեն։ Էդ որտե՞ղ է գրված»:

Տեսանյութեր

Լրահոս