Դիմակի հետ սեր բաժանիր

Վարչապետը մայրաքաղաքի փողոցներում դիմակներ էր բաժանում քաղաքացիներին, որոնք հիմնականում դիմակներով են շրջում: Այս միջոցառումը մեկ նպատակ ուներ, որ մարդն անմիջապես դիմակ ստանա, և երկու հետևանք, որ նույն մարդը կամ դիմակ գնելու գումար չունի, կամ ավելորդ է համարում դրա դնելը: Այդ երկու պատճառաբանությունն էլ չի արդարացնում միջոցառման նպատակը: Առաջինի դեպքում այն սարքերը, որոնց մեջ 200 դրամ գցելով` երկու դիմակ է դուրս գալիս, կարելի է անվճար դարձնել: Իսկ երկրորդի դեպքում, եթե վարչապետի փոխարեն՝ Գաբրիել հրեշտակապետն էլ դիմակ բաժանի (մի պայմանով, որ մենք դադարել ենք մեր վարչապետին Գաբրիելից ու մյուս երկնավորներից վեր դասել), մարդը, որ չի դնում` էլի չի դնելու: Պատկառանքի հոգեբանական գործոնն էլ է դուրս մղվում: Հատկապես տեսնում է, որ դիմակի խստացման դեպքում էլ ամենօրյա վարակակիրների թիվը պտտվում է 500-ի շուրջ:

Պատճառն ու հետևանքն առողջապահական միջոցառումների մեջ փնտրենք, իսկ քաղաքացին պարտավորություն չունի այդ համակարգի փոխարեն էլ մտածել: Բացառապես, որ մեր իշխանությունն ընտրյալ է և կողմնակի ու անիշխանական ուժերի խորհրդի անհրաժեշտություն չունի:

Գնացքն անցել է կայարանը և սուրում է առաջ: Իսկ մարդիկ ապրել են ուզում իրենց սովորական առօրյայով, այլ կերպ չի կարող լինել: Կորոնան էլ եկել և առայժմ չի գնում, ապրում ենք միասին, եթե ոչ՝ հաշտ ու խաղաղ, հնարավորին չափ զգույշ: Հատկապես վարչապետի օրինակով համոզվեցին, որ այդ վարակով հիվանդանալն ու բուժվելը խաղ ու պար է:

Այդ սուրացող գնացքը մի օր մի կայարանում` սխալ թե ճիշտ, կանգ կառնի. կամ գծերը կավարտվեն, կամ շարժիչը կխափանվի: COVID-ն էլ կգնա՝ ինչպես աշխարհից, այնպես էլ՝ Հայաստանից: Բայց այդ համավարակից ավելի տարածական ատելությունն է` հասարակական հիվանդություն, որի գալը տեսանք և գնալուն վստահ չենք առայժմ: Սրա կանխման համար բավարար միջոցներ չեն ո՛չ դիմակը, ո՛չ ձեռնոցը, ո՛չ alcogel-ը , ո՛չ էլ մեկուսացումը բուժհաստատություններում և ինքնամեկուսացումը տանը: Սողոսկում է բոլոր հնարավոր ու անհնարին ճեղքերից ու բացվածքներից: Օդակաթիլային վարակ չէ, որ մեկից մյուսին է անցնում, ինչը կարելի է կանխել` սոցիալական հեռավորություն պահպանելով: Օդում տարածված բացիլ է, և այդ բացիլով մթնոլորտն է ախտահարված:

Երկու տարի իշխանությունները հայտարարում են, որ դատարանը պետք է անկախ լինի և անկախ է, այսինքն` չկա իշխանավորների ուղղակի կամ միջնորդավորված միջամտությունը դատական վճիռներին, և դատարանն այլևս քաղաքական ազդեցիկ գործիչների կամակատարը չէ: Երբ դատարանն իշխանությանը հաճո վճիռ է կայացնում, հաստատում են` այո, դատարանն անկախ է, իսկ հակառակ պարագայում, երբ վճիռն իշխողների սրտով չէ, հայտարարում են, որ դատավորները դավաճան են, նախկինների մնացուկը և արդարության թշնամին:

Օրերս Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վճռից հետո էլ հանրային ազդեցություն ունեցող գործիչներ թիրախավորեցին դատավորին: Ճիշտ է, առաջինի պես ցնցումային չէր, երբ դատարանների դռները փակվեցին, բայց կրկին անվստահելի ու անժողովրդավարական համարվեց երևույթը: Իսկ Ծառուկյանին կալանավորելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը չբավարարելը սպասելի էր: Ծառուկյանը դատարանի շենքից դուրս գալով՝ որևէ հայտարարություն չարեց, լռեց: Հենց սա էր պետք իշխանությանն այս փուլում. լռեցնել:

Ստացվում է, որ դատավորը գլուխը պրծացնելու համար, ուզած թե չուզած, պետք է իշխանավորներին հաճո վճիռներ կայացնի: Նման հասկանալիորեն անհասկանալի պարտադրված պայմաններում կարո՞ղ է դատական համակարգն անկախ, անկողմնակալ ու արդարադատ լինել: Արդարադատությունը չի ստեղծվում՝ արդարադատություն ասելով. օրենսդրական համապատասխան համակարգով է ստեղծվում: Սա այնքան պարզունակ հայացք է, որի համար անգամ տրամաբանելու ճիգ ու ջանք էլ հարկավոր չէ գործադրել: Բայց երկու տարի է, մեր երկրում, չգիտեմ, խոսո՞ւմ են, թե՞ արդեն չեն էլ խոսում այդ մասին:

Հասարակությունը կարծես այդ օրենսդրական բարեփոխված համակարգը չի էլ ուզում, արդարադատություն էլ չի ուզում, ուզում է դատաստան, ահեղ դատաստան: Անվերջ զոհ է պահանջում, նոր զոհ, էլի զոհ: Մանվել Գրիգորյանն առողջական ծանր խնդիրներ ունի, տուն ուղարկել. ինչ լինում է` թող տանը լինի: Ռոբերտ Քոչարյանին կրկին վիրահատել են, բժշկական կենտրոնում է, համավարակ է, և խոցելի խմբում է, բացի այդ, բավականաչափ նստել է. առայժմ թող տուն գնա: Այդ երկուսն էլ իրենց հետաքրքրությունը կորցրել էին հասարակության մեջ, հնացել էին, նոր զոհ է հարկավոր: Թարմությունը Ծառուկյանն էր, ոգևորության ալիք բարձրացավ, բայց… առայժմ առկախված է մնում: Սպասումն էլ հուսալի ժամանակ է: Ո՞վ է հաջորդը, երկար չի կարող սպասել հասարակությունը:

Հին Հռոմում ամֆիթատրոնի զվարճացող ամբոխը մենամարտող գլադիատորներից մեկի արյունն էր պահանջում, որ հագենա: Առավել հագեցան, երբ առյուծները լափեցին քրիստոնյաներին, թեպետ լավ գիտեին, որ Հռոմը Ներոնն է այրել: Բայց էլի զոհ էին պահանջում, և Ներոնը զոհաբերվեց: Հետո` էլի ու էլի… Զոհը կարող է ժամանակավոր հագեցնել, բայց երբեք չի բավարարում, չկա մի սահման, որ ասվի` բավական է, կուշտ ենք: Այդպես էր նաև ինկվիզիցիայի ժամանակ, երբ խարույկի վրա վհուկներ էին այրում: Կարծում եք՝ ամբոխը հոգնո՞ւմ էր ամեն անգամ նույն ճենճահոտը շնչելուց:

Ինչո՞ւ դարձանք այդպիսին: Հեղափոխությունն իր հետևից բերում է քանդ ու ավեր: Բայց արտաքուստ սիրո դիմակ ուներ այս հեղափոխությունը, և ասվեց` վենդետա չի լինելու:Մենք կայուն, քաղաքացու համար հաճելի կեցությամբ երկիր ունենալու փոխարեն՝ զվարճանում ենք դատ ու դատաստանով, այդ զբաղմունքն ենք դարձրել կեցության ձև: Շարունակ բորբոքվող ու քլթքլթացող չարությունն ու ատելությունն է մեր առօրյայի հիմնական պարապը լցնում:

Օդում կախված այն սերը, որ դիմակ էր, դա է պետք բաժանել հասարակությանը: Համավարակից կպրծնենք, բայց բորենու հայացքով զոհի սպասումից չենք պրծնի: Սա հասարակական հիվանդություն է, ախտ, որով վարակված ենք մենք և չենք գիտակցում:

Հուսիկ Արա

Տեսանյութեր

Լրահոս