«Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացե’ք, որ դա սուտ ա». Նիկոլ Փաշինյան

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր խորհրդարանում ընթացող հատուկ նիստում կարծիք հայտնեց, որ այս օրերին շատերի գործողություններն ուղղված են պետական համակարգի թուլացմանը և տարբեր  գերատեսչությունների գործունեության քայքայմանը:

«Խոսքը ոչ միայն ապատեղեկատվության մասին է, այլ, հստակ ընդգծում եմ՝ նպատակադրված գործողությունների մասին  է: Ըստ էության, վերը նշվածն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածի, այսինքն՝ վնասարարության հատկանիշները, որը պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է: Արդյո՞ք իրավապահներն այս առումով գործողություններ իրականացնում են կամ իրականացնելու են, Ձեր կարծիքը»,- հարցրեց պատգամավոր  Ն. Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, վարչապետ Փաշինյանն ասաց, որ այժմ մեծ ապատեղեկատվություն կա՝ սկսած իշխանության ամենավերին օղակներից, որի նպատակը վստահության ճգնաժամի ստեղծելն է:
«Պատկերացնում եք, այսօր իմ ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլլա ենք առել, մաքսանենգությամբ ենք զբաղվում, սրա նպատակը ո՞րն է, վստահության ճգնաժամ ստեղծելն է:
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ նախկին կառավարման համակարգը հենց սրա վրա էր կառուցած, որ մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու, ով էլ գա՝ նույնն է լինելու: Այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա  պոստֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացումը ներշնչել: Բայց, բարեբախտաբար ասեմ, թե՝ դժբախտաբար, մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, և չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդտեղ ինչ-որ արհեստական փոփոխություններ անելու»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց, որ այս երևույթները կապված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ, և եթե հետևողական լինեն և այդ գործերը մինչև վերջ տանեն, ապա համոզված է, որ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն և փլուզվելու են, որով էլ այդ պատմությունը կավարտվի:

«Ձեր բարձրացրած հարցը նորից պետք է դիտարկվի, համենայն դեպս,  կարծում եմ՝ մեր մարմիններն ուշադիր են, և բոլոր այն դեպքերում, երբ գիծ է հատվում՝ պետք է  արձագանքեն»,- հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը չհավատալ այն տեղեկություններին, որոնք իրենց բովանդակությամբ կհակասեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, գաղափարներին և էությանը։

«Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ ա, էդպիսի  բան չի կարող լինել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս