Սերժ Սարգսյանի հանձնարարականի արձագանքները գյուղատնտեսության նախարարությունում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումներում շարունակվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմիններին ուղղված հանձնարարականների շուրջ ձեռնարկվող քայլերի և միջոցառումների քննարկումները: Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության մեջ շեղումների հնարավորությանը, նախարարը նշեց. «Քանի որ ԾԻԳ-ը բազմաթիվ և մեծ ծրագրեր է իրականացնում, պետք է ըստ ամենայնի հասնել օգտագործված միջոցների մաքսիմալ հատույցին: Ծախսված յուրաքանչյուր դրամն ու լուման խիստ նպատակային արդյունք պետք է ունենան: Միջոցների աննպատակ օգտագործման կամ փոշիացման յուրաքանչյուր փորձ պետք է կանխվի, բացառվի և արժանանա ամենախիստ վերաբերմունքի»: Քննարկման ընթացքում հնչեցին նաև անմիջական գնահատականներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ: «Ապօրինի ծառահատումների, անտառների բուժման և վերականգնման համար տրամադրված միջոցների ոչ նպատակային օգտագործման մասին քննադատությունները շարունակվում են: Նշանակում է՝ շեղումներ կան պետական անտառների և անտառային հողերի օգտագործման մասին գործող կարգից, որի համար անմիջական պատասխանատվություն կրող պաշտոնյաները պետք է արժանանան համապատասխան և խիստ վերաբերմունքի»,- ասաց նախարարը` պահանջելով ուշադրության կենտրոնում պահել ծախսվող բոլոր միջոցները: Մեկ այլ հանձնարարականով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը պարտավորեցվեց նման խորհրդակցություններ անցկացնել բոլոր անտառտնտեսություններում, հաստատել միջոցառումների ժամանակացույցեր: Նախարարը խստիվ հանձնարարեց ամենասեղմ ժամկետներում հասնել օրենսդրության տառին համահունչ՝ մրցակցային, արդյունավետ և թափանցիկ գնման գործընթացների: