Փաշինյանը հանձնարարել է խումբ ձևավորել, որը կուսումնասիրի իրենց մասին ապատեղեկատվության աղբյուրները

ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո մամուլը հեղեղված է հեղափոխական իշխանությունների և, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների և կառավարության անդամների, պատգամավորների ցոփ ու շվայտ կյանքի, թանկարժեք ձեռքբերումների, հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների, կոռուպցիոն գործարքների մասին, ընդ որում՝ հստակ փաստեր ներկայացնելով: Իշխանություններն այդ հրապարակումներին, բերված փաստերին կամ չեն արձագանքում, կամ լղոզված պատասխաններ են հնչեցնում,  իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե չի պատրաստվում հերքել նման խոսակցությունները:

«…Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այսօր ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի, Նառան է՝ վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա՝ կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը, և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»,- ժամեր առաջ գրել է նա:

Նրա այս գրառումից հետո Ազգային ժողովում հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթը նույն թեմայով: Նա հայտարարել է՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա, ապա պատմել է.

«Մի կին, բավականին լավ տեսքով, նստում է տաքսի ու իբր զանգում է ինչ-որ տեղ և ասում է. «Այսինչն է՝ վարչապետի աշխատակազմից, այն ժամացույցը, որ վարչապետը պատվիրել էր, եկե՞լ է: Վա՜յ, ինչ լավ է: Իսկ ինչքա՞ն պիտի տանք: Երեսունհինգ հազա՞ր: Դոլա՞ր, թե՞ եվրո: Հա, լավ, օկ, հես ա մարդ կուղարկենք, կվերցնի»: Ընդ որում, տաքսու վարորդը, որն այս պատմությունը պատմել է, ուշադրություն է դարձրել, թե ուր է գնում այդ կինը և ֆիքսել է, որ նստում է մեկ այլ տաքսի: Պարզ է, չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է»: Նա  հայտարարել է, որ նման գործողությունները պետք է բացահայտվեն և ՀՀ օրենսդրությանը համապատասխան որակում ստանան:

Միաժամանակ նա  չի բացառել,  որ այս գործողությունները կարող են կազմակերպված լինել՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ՝ արտաքին ուժերի կողմից:

«Իսկ որ հիբրիդային պատերազմներ կան այս ամենի մեջ, դա արդեն ակնհայտ է»,- ասել է նա:

Ավելին, նա հայտարարել է, որ արդեն իսկ հանձնարարական է տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները, պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, նրանց հետ կապ ունեցող շրջանակները և ուժերը, քաղաքական կամ կրիմինալ շրջանակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով` կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար:

Տեսանյութեր

Լրահոս