Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան
Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:
Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի հետ են բանակցություններ ընթանում՝ հատուկ ստեղծված բժշկական թիմերի այցելության հետ կապված՝ կամ լեհական, կամ իսրայելական, սակայն այդ որոշումը դեռ վերջնական չէ: