Շարունակում ենք պակասել
Անկախ համավարակից ու տնտեսության կանգից՝ մեր վիճակագիրները շարունակում են կազմել ու հրապարակել իրենց հաշվետվությունները: Հիմա նրանցից ժողովրդագիրների հերթն է: Հետևաբար՝ հրապարակվել է մեր երկրի «մշտական բնակչության թվաքանակը 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ»: Հենց սկզբից արձանագրենք, որ բնակչության նվազման միտումը, ցավոք, պահպանվել է: Նախորդ հրապարակումը, ուր հաշվել էին մեր քանակը, ներկայացնում էր 2020թ. հունվարի 1-ի դրությամբ:
Այնպես որ, նոր հրապարակումն արձանագրել է այս տարվա առաջին եռամսյակի գործընթացները: Պակասել է թե՛ բնակչության ընդհանուր թվաքանակը, թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակչության թվաքանակը: Կա ընդամենը մեկ բացառություն: Բայց այդ մասին՝ հետո:
Հունվարի 1-ին մեր թվաքանակը 2 մլն 959.7 հազար էր: Հիմա պակասել ենք 2.8 հազարով: Այս թվից 1.5 հազար կրճատվել է երկրի քաղաքային բնակչությունը, 1.3 հազար գյուղական համայնքներում ապրողները:
Վերջին տարիներին Երևանի բնակչությունը, հակառակ երկրի ժողովրդագրական տենդենցներին, դանդաղ, բայց աճում էր: Հիմա, առաջին եռամսյակի տվյալներով՝ նվազել է 200-ով:
Թեկուզ նվազագույն թվով՝ 100 բնակչով, նվազել է բոլոր մարզերի բնակչությունը: Հետաքրքիր է, որ համավարակի արտակարգ պայմաններում մարզերից ամենամեծ նվազումն արձանագրվել է (ավելի ճիշտ կլիներ ասել՝ շարունակել է ամենամեծ նվազումն արձանագրել) Լոռու մարզը:
Նշենք, որ այս մարզը միակն է, որ բնական հավելաճ չուներ 2019թ.: Այլ կերպ ասած՝ Լոռու մարզում մահերի քանակը գերազանցում է արձանագրված ծնունդների թիվը: Եռամսյակային նվազումն այս անգամ 500 մարդ է: 400-ական բնակիչներով պակասել է արտագնա աշխատանքի մեկնողների քանակով առաջամարտիկի՝ Գեղարքունիքի մարզի բնակչությունը (բնակչության թվաքանակն ապրիլի 1-ի դրությամբ 227.3 հազար է) և Շիրակի մարզի բնակչությունը (բնակչության թվաքանակն ապրիլի 1-ի դրությամբ՝ 230.8 հազար է):
Մի փոքր պակաս՝ 300 բնակչի քանակով, նվազել է նաև Տավուշի մարզի թվաքանակը: Նվազել է՝ ի հակառակ իշխանությունների խոստումներին՝ աջակցել «սահմանամերձ (ու հեռավոր) մարզ» Տավուշին: Միակ մարզը, որ բնակչության թվաքանակը չի նվազել, Վայոց ձորի մարզն է:
Մեր երկրի ամենափոքր քանակի բնակչություն ունեցող մարզում հունվարի 1-ին էլ ապրում էր 48.5 հազար մշտական բնակիչ, ապրիլի 1-ին էլ: Հիմա մեկ առանձնահատկության մասին էլ: Նախորդ տարիներին երկրի քաղաքային բնակչության քանակը հիմնականում կրճատվում էր ոչմայրաքաղաքային բնակչության հաշվին:
Գյումրիի օրինակի վրա կարելի է տեսնել, որ տենդենցը պահպանվել է: 2020 թ. հունվարի 1-ին բնակչության թիվը 112.4 հազար էր: Հիմա 200-ով պակաս է: Սակայն Լոռվա մարզի ներքին միգրացիոն ու ժողովրդագրական գործընթացները տարբերվում են մյուս տարածքներից: 4.8 հազար մշտական բնակչության աճ է արձանագրել Վանաձորը: Աճը պիտի որ ապահովված լինի ներքին միգրացիայի հաշվին, ու բոլորովին համադրելի չէ, ասենք, Աբովյան քաղաքի 100 բնակչով ավելանալու փաստին:
Փաստորեն, կարելի է արձանագրել, որ համավարակից առաջ արտագաղթի միտումները պահպանվել էին:
Հետևաբար՝ այս վիճակի արձանագրումը մեկ կարևոր նշանակություն էլ ունի՝ տեսնել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ժողովրդագրության ոլորտում համավարակային՝ փակ սահմանների շրջանում: Իսկ առայժմ բավարարվենք մեր ժողովրդագրության «ամենակայուն» փաստի արձանագրմամբ:
Փաստ, որ չի փոխվում տարիներ շարունակ: Ըստ պաշտոնական ժողովրդագրության՝ հանրապետության փոքրագույն՝ Դաստակերտ քաղաքում շարունակում է ապրել 300 մարդ: