Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսության առաջնահերթության բարձրացումը ոչ միայն իրավիճակային քայլ է, այլև նոր իրողությունների հետևանք․ վերլուծաբան

Փաշինյան-Պուտին օրերս Կրեմլում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական լարված զարգացումների պայմաններում շարունակում է լայնորեն քննարկվել։ Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ նախագահ Պուտինն իր խոսքում շեշտը դրեց այն հանգամանքի վրա, թե ինչպիսի օգուտներ է ստանում Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ անդամակցության և ռուսական էժան գազի գների շնորհիվ։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձավ ՀՀ ԵՄ անդամակցության հեռանկարին, խոսելով ԵԱՏՄ-ն ԱԵՄ-ի հետ համատեղելու անհնարինության մասին։  Եվ ամենաուշագրավը՝ Պուտինն ասաց, որ կցանկանար, որպեսզի Հայաստանում ռուսամետ ուժերը կարողանային մասնակցել ներքաղաքական զարգացումներին և չհանդիպեին սահմանափակումների։

Հանդիպմանը հաջորդեց  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի անդրադարձը հայ-ռուսական ներկայիս իրավիճակին, ասելով, որ Երևանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը «ստիպված կլինի այլ կերպ կառուցել» ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները։ Ըստ նրա, Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ «Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա»,- ասել էր ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։ «Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։ Ի դեպ, Օվերչուկն այն պաշտոնյան է, ով ժամանակ առ ժամանակ անդրադառնում է ՀՀ ԵՄ ինտեգրացիայի թեմային՝ նշելով թե ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհնարինության, թե այն մասին, որ ռուսական բիզնեսը սկսում է կորցնել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Իր վերջին անդրադարձերից մեկում նա նաև արձանագրել էր միտում, որ հայ-ռուսական առևտրաշրջանառությունը սկսում է էապես նվազել։ Դա արել էր նաև ՌԴ նախագահը Փաշինյանի հետ իր նախորդ հանդիպման ժամանակ։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները մտել են պրագմատիկ, փոխադարձ շահերի վրա հիմնված փուլ։ Նրա որակմամբ, հարաբերություններում քաղաքական լոյալության բաղադրիչի էական նվազում կա։

«Բնականորեն, առաջին պլան է եկել տնտեսությունը, քանի որ Երևանը քաղաքական համագործակցություն, ինչպես նաև անվտանգություն փորձում է փնտրել Արևմուտքում։ Սա որակական փոփոխություն է՝ պայմանավորված տարածաշրջանային  իրողություններով, կողմերի  շահերի վերաիմաստավորմամբ։ Տարիներ շարունակ հայ-ռուսական հարաբերությունները կառուցված էին հիմնականում անվտանգության շուրջ՝ ռազմական համագործակցություն, ռազմաբազայի առկայություն, Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես անվտանգության հիմնական երաշխավոր։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները  նվազեցրել են այդ մոդելի արդյունավետության ընկալումը, որի  արդյունքում հարաբերությունների կառուցվածքում առաջ է եկել վերաիմաստավորման անհրաժեշտություն։ Եվ այս ֆոնին տնտեսությունը դառնում է այն հարթակը, որտեղ կողմերը կարող են պահպանել և նույնիսկ զարգացնել համագործակցությունը՝ խուսափելով առավել սուր քաղաքական հակասություններից։

Հատկապես կարևոր է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ինչն ապահովում է ռուսական շուկայի հասանելիություն, Ռուսաստանի համար ևս Հայաստանը կարևոր տնտեսական գործընկեր է տարածաշրջանում՝ թե որպես շուկա, թե որպես հարթակ՝ պահպանելու տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս իմաստով տնտեսական հարաբերությունների խորացումն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Տնտեսական առաջնահերթության շեշտադրումը չի նշանակում, որ քաղաքական կամ անվտանգային հարցերը լիովին դուրս են եկել օրակարգից, սակայն դրանք տեղափոխվել են երկրորդ պլան։ Սա կարող է մեկնաբանվել՝  որպես բարդ շրջանում հարաբերությունների ապաքաղաքականացման փորձ, երբ կողմերը կենտրոնանում են այն ոլորտների վրա, որտեղ համագործակցությունն առավել իրատեսական և արդյունավետ է»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Ուստի, ըստ նրա, պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերություններին առավելապես անդրադառնում է ՌԴ փոխվարչապետը, անդրադառնալով ԵԱՏՄ-ին, տնտեսությանը, բիզնեսին և այլն։   Նրա որակմամբ, հայ-ռուսական հարաբերություններում տնտեսության առաջնահերթության բարձրացումը ոչ միայն իրավիճակային քայլ է, այլև նոր իրողությունների հետևանք, փորձ է պահպանելու ռազմավարական կապը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում՝ այն տեղափոխելով ավելի պրագմատիկ և հաշվարկված հարթություն։

«Սակայն այս գործընթացի կայունությունն ու արդյունավետությունը կախված կլինի այն բանից, թե որքանով կկարողանան կողմերը համադրել տնտեսական շահերն անվտանգության և քաղաքական հակասությունների հետ։ Միևնույն ժամանակ նկատելի է Ռուսաստանի ցանկությունը՝ պահպանել իր ազդեցությունը։ Սակայն դիտարկումները գազի գնի և ԵՄ-ԵԱՏՄ համադրության անհնարինության մասին չպետք է դիտարկվեն, որպես բացասական հայտարարություն, այդ հայտարարությունները, կարծում եմ, ուղղված են ցույց տալու հանգամանքը, որ Հայաստանի օգուտները ԵԱՏՄ-ում են, իսկ ՀՀ-ն ձգտում է դեպի ԵՄ, որին անդամակցելու դեպքում չի կարող լինել ԵԱՏՄ անդամ և ստանալ այն նույն օգուտները, ինչ ներկայումս։ Սա բաց խոսակցություն է, կարծում եմ՝ բնական, որ այսպես է, քանի որ խոսքը մարդկանց կյանքի որակի մասին է»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930