Ինչո՞ւ Փաշինյանը չի ընդունում քննադատություն
Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում հանրությունը գրեթե դադարեց քաղաքական ակնհայտ գործընթացների ականատեսը դառնալ, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անմիջական ջանքերով քաղաքական դիսկուրսն ու ասելիքն իջեցվեց կենցաղայինից ցածր մակարդակի։ Ամենուր ականատես ենք դառնում պրիմիտիվության ու անբովանդակ, բացառապես սեփական անձնական ամբիցիաներից բխող հռետորաբանության։
Ընդունված է այն իրողությունը, որ յուրաքանչյուր գործող իշխանության համար, որպես հակակշիռ, քաղաքական համակարգում պարտադիր է ընդդիմության առկայությունը։ Ավելին՝ ընդդիմության մշտական առողջ ու բովանդակային քննադատությունը կազմում է քաղաքական համակարգի մշտական առողջ «աշխատանքը»։
Սակայն հայաստանյան իրականությունում այօր բացառապես այլ օրակարգ ենք տեսնում։ Կայացած փաստ է այն, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի ընդունում իրեն ուղղված ոչ մի քննադատություն. սկսած ամենաբովանդակային ու խորքային քննադատությունից՝ մինչև ֆեյսբուքյան «ստատուսի» մակարդակում հնչեցված ամենակենցաղային մեղադրանքները։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը վերջին 10-15 տարիների իշխանությունների թիվ մեկ սուր քննադատն էր (ի դեպ, ժամանակին Փաշինյանի կողմից իրականացվող քննադատության վերաբերյալ նշենք, որ հնչող թեզերն ու պնդումները հիմնականում դավադրապաշտական տեսության տիրույթից ու օդում կախված լուրերի շարքից էին)։
Շատերն են հիշում, թե ինչպես էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում տարբեր ինտրիգներ փնտրել և հնարավորինս սուր հարցադրում անել յուրաքանչյուր կառավարության հարցուպատասխանի ժամանակ և դրանից հետո դառնալ օրվա լրահոսի գլխավոր «հերոսը»։
Հիմա արդեն երկրում «իրավիճակ» է փոխվել, և «հպարտ» քաղաքացու կողմից ընտրված «լեգիտիմ իշխանության» հասցեին, ինչպես սիրում են վերջին օրերին անընդհատ ընդգծել փաշինյանականները, քննադատություն կամ մեղադրանքներ հնչեցնելն անթույլատրելի է։ Այստեղ գործ ունենք այն իրողության հետ, որ, ըստ էության, իշխանության ներկայացուցիչները հերթական մանիպուլյացիան են անում՝ փորձելով յուրաքանչյուր խորքային քննադատություն որակել՝ որպես «հակահեղափոխական քայլ» կամ «քրեաօլիգարխիկ ռեժիմին սպասարկելու» հերթական փորձ։ Այսինքն, իրեն ուղղված քննադատությունից Փաշինյանը թեման շեղում է նախկինների ուղղությամբ և հայտարարում, որ «տարիներ շարունակ ձեզ կեղեքել են», ժողովրդին համոզում, թե «մինչև վերջին կոպեկը վերադարձնելու է պետությանը», սակայն այս ամենը կենացային մակարդակից այն կողմ ոչ մի իրական զարգացում չի ունենում։
Ըստ էության՝ Փաշինյանը ներկայումս գտնվում է անկառավարելի մի շրջափուլում և յուրաքանչյուր քննադատություն ընդունում է՝ որպես ամենավերջին դավադրություն և անթույլատրելի մի քայլ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ քաղաքագիտական շրջանակները ներիշխանական քայլերին ու հայտարարություններին փորձում են տալ գնահատական և քննադատության առարկա դարձնել, հայրենի կառավարիչները վերջիններիս հեգնում են, քամահրանքի արժանացնում և դավաճանի պիտակ կպցնում։ Իր և սեփական թիմակիցների անճարակության մասին ցանկացած բարձրաձայնում Փաշինյանի կողմից դառնում է բացահայտ թիրախի առարկա։
Ասվածի մասին ներկայացնենք մի օրինակ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ներկայացված ծխախոտային մաքսանենգության և ադամանդային զեղծարարությունների մասին ներկայացված փաստական ապացույցներին Փաշինյանը հակադարձում է միայն նաիվ արդարացումներով՝ պնդելով, թե ժամանակին Մինասյանը ՀՀ այլ ապրանքի տակ ներմուծել է մի քանի այլ ապրանքատեսակներ, միաժամանակ չի ներկայացնում և ոչ մի ապացույց։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դուրս գալ Մինասյանի ներկայացրած փաստերից, դրանից ընկել է խորը սթրեսի մեջ և ներկայումս գտնվում է քաղաքական «տուպիկի» առաջ։ Փաշինյանը չի կարողանում ոչ մի կերպ հերքել ներկայացված մեղադրանքները և չի կարողանում բացահայտ ասել, որ որևէ կապ չունի դրանց հետ։
Ընդամենը պնդում է, որ, «եթե մարդ կա, որ հավատում է, թե ինքը կարող է տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինել, թող այդպես էլ մտածի»։
Համաձայնեք, որ այս ամենը համադրելով՝ հասկանում ենք, որ գործ ունենք քաղաքականապես իրեն սպառած մարդու հետ, այլ ոչ թե՝ երկրի ղեկավարի։
Արմեն Հովասափյան