«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերթական զգայացունց գրառումն էր կատարել, այս անգամ` ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությամբ մեղսագրվող արարքների վերաբերյալ:

«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն…

Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց: Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:

Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են!»,- գրել էր նա:

168.amՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին խնդրեց մեկնաբանել բարձրաստիճան պաշտոնյայի այս գրառումը:

«Առաջին բանը, որ կցանկանայի ասել, այն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում, և եթե մենք հիմա խոսենք զուտ էթիկայի նորմերից և իրավական տեսանկյունից, ապա սա, ամենակարևորը, հստակ անմեղության կանխավարկածի խախտում է: Էլ չենք խոսում գրառման ոճի մասին, որը բացարձակապես պատիվ չի բերում  բարձրաստիճան պաշտոնյային: Արհամարհագռեհկաբանություն է նրա ամբողջ գրածը, և սա գուցե ավելի դատապարտելի է, քան նույնիսկ անմեղության կանխավարկածի խախտումը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, իրավապաշտպանը նշում է, որ ինքն առայժմ ձեռնպահ կմնա ասել, թե այն որքանով է ճշմարտացի. դա ժամանակը ցույց կտա:

«Համենայն դեպս ես Հայաստանի քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործերին թերահավատորեն եմ մոտենում, որովհետև նրանք ինքնուրույն չեն գործում, այլ ցուցումով: Եվ ես ներքին համոզմունք ունեմ, որ ուղղակի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ցուցում է տրված անձամբ վարչապետի կողմից, և նրանք փորփրել, ինչ-որ մի բան գտել են»,- ասաց Ավետիք Իշխանյանը` հավելելով, թե ձեռնպահ կմնա ասել՝ որքանով է այն հավաստի:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի խոսքով` իշխանությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ Քննչական կոմիտեի վերդիկտը պետք է «ընդունենք հալած յուղի տեղ» ու հավատանք այդ ամենին:

Ավետիք Իշխանյանի խոսքով` ԱԺ փոխխոսնակի գրառման հատկապես այն հատվածում, ուր նա գրում է, որ բոլորը պատժվելու են, ու պատժվողների մեջ նա թվարկում է նաև, այսպես կոչված, «ծախու լրագրողներին» և, ամենակարևորը, «փաստաբաններին», սա, թերևս, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ վերջին երկու տարիներին փաստաբանների նկատմամբ կատարվում են հարձակումներ, և թե գրավոր, թե բանավոր կերպով ամենաթունդ վիրավորանքներն են հասցվում նրանց:

«Այսինքն` մենք ունենք Հայաստանում, համենայն դեպս, մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը փաստաբանական գործունեությունից կամ չի հասկանում, ինչն ամենատխուրն է, և շատ դաժան է, եթե հասկանում է, բայց փաստաբանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է ցուցաբերում: Եվ սա կոչվում է ճանապարհ դեպի ժողովրդավար երկի՞ր»,- նկատեց Ավետիք Իշխանյանը` հիշեցնելով, որ նախկինում գուցե վիրավորանքներ ու հարձակումներ եղել են, բայց 90-ականներից առ այսօր չէին եղել դեպքեր, երբ քաղաքական ամենաաղմկոտ դեպքերով փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունք լիներ:

Իրավապաշտպանի խոսքով` նշված «բարձրաստիճան պաշտոնյան ավելի, քան սիրելի առաջնորդը պահանջում է, իր հավատարմությունն ու հնազանդությունն» է հայտնում նրան, քանի որ իր կենսագրությամբ նա երբեք չէր դառնա պաշտոնյա, եթե չլիներ «սիրելի առաջնորդը», ով նրան այդպիսի պաշտոնի է նշանակել:

«Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ այդ պաշտոնյան մինչև պաշտոնին նշանակվելը, եթե պատահաբար հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին, ինչպիսի՞ վերաբերմունք կունենար նրա նկատմամբ: Ես պատկերացնում եմ` լայն ժպիտով ու հաճոյանալով: Այժմ իշխանական դիրքից և վայելելով սիրելի առաջնորդի հովանավորությունը՝ նա այդպիսի արտահայտություններ է անում»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս