Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Դատախազության բերած բողոքը
2020թ. մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:
Ավելի ուշ Դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացրեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի մարտի 11-ի որոշման դեմ։
Որպես բողոքի հիմք է ընդունվել նախ՝ վիճարկվող դատական ակտը բացարկման ենթակա դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, անհիմն է և անօրինական: Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում: Հիմնավոր կասկածի գնահատման առումով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Այս մասին կարդում ենք Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Դատախազությունը պնդել է, որ առկա են Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ մասնավորապես կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ:
Ի դեպ, Վճռաբեկ բողոք, մեր տեղեկություններով, ներկայացրել էր անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Եվ ահա տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանը մայիսի 13-ին մերժել է դատախազության բողոքը վարույթ ընդունել, ասել է թե` Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Վճռաբեկ քրեական դատարանն ըստ էության չի հավատացել դատախազության բերած փաստարկներին:
Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Արմեն Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: