Պետությունը «ձեռքերը լվացել» է հայկական ավիափոխադրողներից և օդանավակայանից
Ռուսական մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը տեղական ավիաընկերություններին և օդանավակայաններին սուբսիդիաներ տրամադրելու կանոններ է մշակել՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրած կորուստների փոխհատուցման համար:
Օդանավակայանների դեպքում, օրինակ, գումարները բաշխվելու են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորահոսքի նվազմանը համամասնորեն: «Կորցրած» յուրաքանչյուր ուղևորի համար կառավարությունը կհատկացնի 195.4 ռուբլի:
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ևս խնդիրների առջև են կանգնած ամենախոցելի, միմյանց հետ փոխկապակցված երկու ոլորտներ՝ զբոսաշրջությունն ու ավիացիան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք կառավարության կողմից ֆինանսական աջակցություն օդանավակայաններին հատկացվել է, պատասխանեց՝ ոչ:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ զրույցում ևս փորձեցինք տեղեկանալ, թե արդյո՞ք կառավարության կողմից որևէ ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին խոսք եղել է, սակայն պատասխանը կրկին բացասական եղավ:
Հատկանշական է, որ պետության կողմից նման «սրտացավ» վարքագիծ դրսևորվում է այն ժամանակ, երբ հայկական ավիաընկերությունները կանգնած են ծանրագույն խնդիրների առջև, մասնավորապես՝ մայիսի վերջին կստորագրվի «դատավճիռը», և մեր քաղավիացիան կընդգրկվի ԵՄ-ի «սև ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները կզրկվեն դեպի Եվրոպա կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:
Իսկ օդանավակայանը, որն օրական սպասարկում էր ավելի քան 50 չվերթ, տարեկան ունենալով շուրջ 3 միլիոն ուղևորահոսք, այս շրջանում սպասարկում է օրական 1-2 չվերթ:
Իսկ թե ո՞վ է պատասխան տալու ավերված ոլորտի համար, թերևս, ժամանակը ցույց կտա: