Իրանը հայտարարել է, որ իր օդաչուները գրոհել են ԱՄՆ բազաներն առանց որևէ էլեկտրոնային ազդանշանի
Կատարում և Քուվեյթում ամերիկյան ռազմական բազաների դեմ գրոհներ իրականացնելու ժամանակ իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS, իներցիոն նավիգացիոն համակարգեր և ռադիոկապի միջոցներ, հայտնել է Իրանի ՌՕՈւ փոխհամակարգող, բրիգադի գեներալ Մասուդ Ջաֆարին, հաղորդել է Mehr-ը։
Նրա խոսքով՝ իրանցի օդաչուները սովոր են աշխատել պատժամիջոցների պայմաններում և վարժվել են կատարել մարտական առաջադրանքներ առանց GPS-ի և իներցիոն նավիգացիոն համակարգերի (INS)՝ օգտագործելով քարտեզներ և նավիգացիայի հիմնական մեթոդներ։
Ջաֆարին գործողության գլխավոր առավելություններից մեկը համարել է ինքնաթիռների կողմից որևէ էլեկտրոնային ազդանշանի բացակայությունը։ «Մենք ոչ մի ազդանշան չենք արձակել, անգամ ռադիոհաղորդումներ կամ այլ էլեկտրոնային ազդանշաններ ինքնաթիռներից», — հայտնել է գեներալը։
Նա պատմել է մարտի 2-ին Կատարում գտնվող ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազայի դեմ իրականացված գործողության մասին, որտեղ սովորաբար տեղակայվում է մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող։ Նույն օրը Իրանի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչները հարվածել են Քուվեյթում գտնվող Էլ-Ադիրի բազային, որն օգտագործվում է ամերիկյան զինվորականների կողմից։
Ջաֆարիի խոսքով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի առաջին օրերին հակառակորդը, հավանաբար, չէր սպասում, որ Իրանի ռազմաօդային ուժերը կհամարձակվեն նման գործողության։
Գեներալը նաև հայտնել է, որ Քուվեյթում ամերիկյան բազայի գրոհից հետո ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ Նրա պնդմամբ՝ դաշնակիցների հարվածի հետևանքով խոցվել են երեք ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչներ։
Ջաֆարին հայտնել է, որ Սու-24 կործանիչ-ռմբակոծիչներով չորս օդաչու Շիրազում գտնվող շահիդ Դովրանի անվան ավիաբազայից օդ են բարձրացել՝ Էլ-Ուդեյդը գրոհելու համար։ Նրանցից մեկի՝ բրիգադի գեներալ Մաջիդ Քազեմիի մարմինը, վերջերս տեղափոխվել է Իրան։ Եվս երեք օդաչուների ճակատագիրը մնում է անհայտ։

