Բաժիններ՝

ԱՄՆ-ում խոշոր անտառային հրդեհը մարող ուղղաթիռ է կործանվել Յուտայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգում խոշոր անտառային հրդեհի մարմանը մասնակցող ուղղաթիռը կործանվել է։ Օդանավում եղել են երկու մարդ, նրանց վիճակը դեռևս անհայտ է, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային իշխանություններին։

Կործանումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ռիչֆիլդ քաղաքի շրջանում՝ Սոլթ Լեյք Սիթիից մոտ 260 կմ հարավ։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի նախնական տվյալներով՝ ուղղաթիռը հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում կործանվել է հեռավոր վայրում՝ դեռևս անհայտ հանգամանքներում։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Քննությամբ կզբաղվեն ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։ Քննիչները պետք է Ռիչֆիլդ հասնեն շաբաթ երեկոյան, սակայն կործանման վայր մուտքը կարող է դժվարացած լինել մոտակայքում շարունակվող հրդեհի պատճառով։

Ուղղաթիռը Ֆիշլեյք ազգային անտառի տարածքում բռնկված հրդեհի մարմանը ներգրավված յոթ օդանավերից մեկն էր։ Հրդեհը սկսվել էր հուլիսի 27-ին՝ կայծակի հարվածից հետո։

Ուրբաթ օրվա դրությամբ հրդեհի տարածքը հասել էր մոտ 428 քառ. կմ-ի, իսկ կրակը հաջողվել էր տեղայնացնել ընդամենը 19%-ով։ Տարերքի դեմ պայքարին մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ։ Հրդեհի պատճառով տարհանվել են հարակից շրջանների բնակիչները, ոչնչացվել է առնվազն վեց շինություն։

Ուրբաթ օրը հրշեջների աշխատանքի պայմանները մնում էին ծայրահեղ բարդ․ օդերևութաբանները նախազգուշացնում էին քամու կտրուկ պոռթկումների, չոր բուսականության, բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև չոր ամպրոպների և կայծակի նոր հարվածների հավանականության մասին։ Տարածաշրջանում գործում էին հրդեհային ծայրահեղ վտանգի նախազգուշացումներ։

Ներկայումս Յուտայում մոլեգնում են ութ խոշոր անտառային հրդեհներ՝ ավելի քան 134 հազար հա ընդհանուր մակերեսով։ Երկարատև երաշտը, որոշ շրջաններում ձյան ռեկորդային սակավ քանակը, անոմալ շոգի ժամանակաշրջանները և ուժեղ քամին նպաստում են կրակի տարածմանը Յուտայում և ԱՄՆ-ի մյուս արևմտյան նահանգներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31