«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը կլրացվի՝ պետական պատվերն արդյունավետ կազմակերպելու համար
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Այսօր հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագծերը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը նախ տեղեկացրեց, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները և գործառույթները փոխանցվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Այս ամենով պայմանավորված, ինչպես նաև պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նախագծերով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը՝ ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիններին` իրենց իրավասության սահմաններում»,- նշեց Գոռ Մելիքյանը:
Ըստ նրա՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պետական պատվերի ցանկի հաստատման իրավասությունը վերապահել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին:
«Նախագծերի ընդունմամբ կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը և պետական պատվերի միասնական քաղաքականությունը»,- հավելեց փոխնախարարը:
Նախագիծը ներկայացնելուց հետո, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը փոխնախարարին հարց ուղղեց, որ, եթե մինչև այժմ Պաշտպանության նախարարությունն էր զբաղվում զենքի պատվերով և արտադրությամբ, իսկ այս նախագծով ըստ էության նախատեսված է աշխատանքի բաժանում, հետևաբար՝ դրա նպատակը ո՞րն է:
Պատասխանելով հարցին՝ Գոռ Մելիքյանը պարզաբանեց, որ պատճառները մի քանիսն են, նախ զենքի և սպառազինության կարիք ունի ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլև այլ ուժային կառույցներ, այդ թվում՝ անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը և ինչ-որ չափով՝ ԱԻՆ-ը:
«Առնվազն վերջին 20 տարին ռազմարդյունաբերության կոմիտեն գտնվում էր Պաշտպանության նախարարության կազմում, գիտահետազոտական աշխատանքների գործառույթը մեծամասամբ ուղղված էր Պաշտպանության նախարարության պահանջների ապահովմանը: Երբ կոմիտեն գտնվում էր ՊՆ-ի կազմում, փաստորեն պատվիրատուն և կատարողը նույն մարմինն էր: Այսպիսով, այդ երկու մարմիններն իրարից անջատելով, անջատում ենք այդ երկու ֆունկցիաները՝ դրանով ավելացնելով արդյունավետությունը»,- նշեց փոխնախարարը:
Նախագծի հարակից զեկուցող, իշխանական խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը փոխանցեց, որ հանձնաժողովը նամակ է ստացել այն մասին, որ Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ցանկանում են հանդիպել հանձնաժողովի և նախարարության ներկայացուցիչների հետ:
«Այս մարդիկ մտահոգություններ ունեն՝ կապված գնումների հետ, որովհետև որոշ երկրներ կիրառում են որոշակի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հայրենական արտադրողին առավելություններ ստանալ դրսի արտադրողների հետ: Այս առումով նրանք մտահոգություններ ունեն, և այստեղ աշխատելու տեղ ունենք, երևի ոլորտի ներկայացուցիչների հետ փակ քննարկում կազմակերպենք՝ հարցերը վերջնական քննարկելու համար»,- առաջարկեց պատգամավորը:
Քննարկելուց հետո նախագիծը դրական եզրակացությամբ ներառվեց լիագումար նիստերի օրակարգ: