Տիգրան Սարգսյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երևում է, շատ ծանր է տարել կառավարության սեպտեմբերի 17-ի խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հրապարակավ նվաստացնելու փաստը: Դրանից հետո Տ. Սարգսյանը երկու տարբերակ ուներ` կամ պահպանել մարդկային և քաղաքական արժանապատվությունն ու հրաժարական տալ, կամ շարունակել մնալ պաշտոնում և «տակից» պատասխանել Սերժ Սարգսյանին: Տ. Սարգսյանն ընտրեց հենց երկրորդ տարբերակը:
Նա ոչ միայն Սերժ Սարգսյանին հրապարակավ խոստացավ «սթափվել», այլ նաև շատ օպերատիվ կերպով` կառավարության հաջորդ իսկ նիստին, ցույց տվեց, որ ամեն ինչ անում է նրա մատնանշած սխալները վերացնելու, «խայտառակությունները» դադարեցնելու համար: Սակայն այդ ողջ ընթացքում Տ. Սարգսյանի վիրավորվածությունը ոչ միայն չի անցել, այլ, ամենայն հավանականությամբ, այնքան է աճել, որ նա որոշել է «արժանի հակահարված հասցնել» Սերժ Սարգսյանին:
Խոսքն, իհարկե, ուղղակի պատասխանի մասին չէ, որը, թերևս, ավելի հասկանալի կլիներ, քան այն, ինչ արել է Տ. Սարգսյանն «անմեղորեն», հարևանցի, առանց որևէ անուն նշելու: Նա երեկ կառավարությունում խորհրդակցության է հրավիրել խաղասրահների և խաղատների սեփականատերերին ու նրանց հետ քննարկել ոլորտը կարգավորող օրենսդրության հետ կապված ինչ-որ խնդիրներ:
Այդ խորհրդակցության ընթացքում Տ. Սարգսյանը դիմելով խաղատների սեփականատերերին` ասել է. «Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ»:
Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունը հայաստանյան իրողությունների համատեքստում շատ որոշակի նշանակություն և շատ կոնկրետ հասցեատեր ունի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում խաղատուն հասկացությունը հասարակության մեջ առաջին հերթին ասոցիացվում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների ու տարբեր ժամանակների ընդդիմադիր գործիչների, հաճախում էր արտերկրի խաղատներ:
Այդ թեման, ի դեպ, ակտիվացավ հենց վերջերս, երբ երբեմնի ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: Մամուլն ու համացանցը ողողվեց հիշեցումներով, թե ինչպես էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր Դալլաքյանն ընտրողներին համոզում, որ նրանց աշխատավարձը ցածր է, քանի որ «Սերժ Սարգսյանը, երբ որ Մոնտե Կառլո ա գնում, ու կոնը պտի խաղա, այսինքն` ղումար, կոնը 50.000 դոլար ա…»:
Ի՞նչ է այսպիսով արել Տ. Սարգսյանը: Նա «անշառ» մի խորհրդակցության ժամանակ իրեն ներկայացրել է որպես «հայ մարդու կերպարին հարիր» պաշտոնյա` բնականաբար, շատ լավ գիտակցելով և հաշվարկելով, որ իր այդ հայտարարությունն առաջին հերթին ընկալվելու է՝ որպես Ս. Սարգսյանին ուղղված պատասխան: Խնդիրը, սակայն, ինքնին պատասխանելու փաստը չէ, այլ այն, թե ինչ «թեմատիկայով» է այդ պատասխանը: Ակնհայտ է, որ այդ զուգահեռներն անցկացնելով՝ բոլորը կրկին հիշելու են Սերժ Սարգսյանի` խաղատուն այցելելու մասին պատմությունները, որոնց համայնապատկերում Տ. Սարգսյանը ներկայանալու է՝ որպես հայեցի նկարագրով ազնվագույն գործիչ:
Այսինքն` վիրավորված Տ. Սարգսյանը մտածել է, որ, եթե իրեն նվաստացնելու հաշվին Սերժ Սարգսյանը սեփական PR-ն է արել, կարելի է Ս. Սարգսյանի հեղինակության հաշվին էլ փորձել սեփական քարոզչությունն անել: Ահա թե ինչու է իրականում տեղի ունեցել երեկվա խորհրդակցությունը` խաղատների գործունեության թեմայով, որը հաստատ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը չէ, այդ ոլորտն առանձնապես մեծ բյուջետային եկամուտներ չի ապահովում:
Ավելին, խաղատնային բիզնեսը կապ չունի «ատկատների թեմայի» հետ, որով սեպտեմբերի 17-ից հետո ապրում է Հայաստանի ողջ իշխանական համակարգը: Սակայն Տ. Սարգսյանն այդ հայտարարությունը հնչեցնելու ավելի լավ ձև, թերևս, չի գտել և ստիպված հրավիրել է այն գործարարներին, ովքեր զբաղվում են «հայ մարդու կերպարը խարխլող» գործունեությամբ: Խորհրդակցության ժամանակ Տ. Սարգսյանի վերը նշված հայտարարությունը տարօրինակ է նաև այն առումով, որ այդ բարոյախոսությունն, ըստ էության, կապ չունի տվյալ բիզնեսի օրենսդրական կարգավորման հետ:
Դժվար է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության հրավիրի, ասենք, պահածո արտադրողներին ու, որպես ներածական խոսք՝ հայտարարի, թե ինքը նախընտրում է միայն «մոլոկանի թթուն», քանի որ գործարանային մարինադն իր քիմքին հարիր չէ:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը կարծես հակառակ ազդեցությունն է ունենում:
Շատերը դա գնահատում էին՝ որպես Սերժ Սարգսյանի PR-ի մեկնարկ նախագահական ընտրություններից առաջ, ոմանց կարծիքով՝ Ս. Սարգսյանի զայրույթը կեղծ չէր և վկայում էր այն մասին, որ սեփական կառավարությունն իր անգործությամբ ընտրություններից առաջ աշխատում է իր դեմ, և այլն, և այդպես շարունակ: Մինչդեռ երեկվա «հակախորհրդակցությունը» ցույց տվեց, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն չի «սթափվել», այլ զբաղվում է Սերժ Սարգսյանի հակաքարոզչությամբ: