Բաժիններ՝

ԽԾԲ «համակարգը» ոչնչացնում է զբոսաշրջության ոլորտը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման նպատակն էր՝ քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Որպես լուծում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, առաջարկվել է ընդամենը մեկ ծրագիր՝ անտոկոս վարկեր, որոնք իբրև թե պետք է աջակցություն լինեն զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների համար։

Մինչդեռ հանդիպման մասնակիցները, ըստ մեր տեղեկությունների, դատարկ ձեռքով չեն գնացել նախարարի մոտ։ Դեռևս մի քանի շաբաթ առաջ զբոսաշրջության ոլորտի մի քանի տասնյակ կազմակերպություններ նամակ են հղել պատկան մարմիններին՝ առաջարկելով ճգնաժամից դուրս գալու իրական ծրագրեր։ Ընդ որում, նրանց կողմից հաշվի էին առնվել թե՛ տուրիզմի ոլորտում ճգնաժամը հաղթահարելու միջազգային փորձը, և թե՛իրավիճակի հայաստանյան առանձնահատկությունները։ Սակայն, ինչպես նշում են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, իրենց բազում դիմումներն ու առաջարկները, որպես կանոն, պատկան մարմինների կողմից անպատասխան են թողնվել։ Նրանց խոսքերի համաձայն՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը պարզապես արհամարհել ու անտեսել է իրենց ուղղված բոլոր բողոք-առաջարկները։

Մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների մի քանի տասնյակ ղեկավարներ հանդիպել են Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ։ Մոտ երեք ժամ տևած աշխատանքային քննարկման ընթացքում նրանք մանրամասն ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջական ոլորտի խնդիրները, խոսել դրանց լուծման ուղղությունների մասին, ներկայացրել տարբեր երկրներում, հատկապես՝ ԵՄ անդամ պետություններում Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հաղթահարման ծրագրերի և այլ հարցերի շուրջ։

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այդ նախաձեռնությունից հետո միայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որոշեցին լսել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Ընդ որում, ինչպես նշում են նախարարի հետ հանդիպմանը մասնակցած անձինք, Տիգրան Խաչատրյանն այդ հանդիպման հիմնական մասն օգտագործել է ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի այն հատվածները ներկայացնելով, որոնք, իր կարծիքով, կարող են նպաստել զբոսաշրջության ոլորտում կուտակված խնդիրների հաղթահարմանը։ Մեր զրուցակիցը, ով ներկա է եղել այդ հանդիպմանը, բայց խնդրել իր անունը չբացահայտել, նշեց, որ նախարարը գրեթե տեղյակ չէր շաբաթներ շարունակ իրենց կողմից բարձրաձայնվող պրոբլեմների և առաջարկած լուծումների մասին։ «Տպավորություն էր, թե Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ջանքերով, ասում են՝ վերջինիս ազգականն է, խնամքով թաքցրել է նախարարից բոլոր այդ հարցերը։ Փաստորեն, երկրի տնտեսական զարգացման հիմնական ճյուղերից մեկը՝ զբոսաշրջությունը, դառնում է ԽԾԲ հերթական զոհը։ Տուրիստական տեղեկագրի սովորական աշխատակցին բերում-նշանակում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ և ուզում, որ ոլորտը զարգանա։ Չի լինում նման բան», – ասաց մեր զրուցակիցը։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս