Իրարանցում Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գյուլենի նամակի պատճառով
Անցյալ շաբաթ Թուրքիայում մեծ բանավեճ բռնկվեց այն բանից հետո, երբ էրդողանամետ թուրքական իսլամիստական «Գերչեք հայաթ» («Իրական կյանք») ամսագիրը հայտարարեց, որ վիճահարույց թուրք Իմամ Ֆեթուլլահ Գյուլենը 1965 թ․ մայիսի 6-ին նամակ է գրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Նամակը ներառված է ամսագրի 176 էջանոց հատուկ համարում, որը պատկանում է իշխանամետ «Ենի սաֆաք» թերթի խմբագրական խմբին, որն էլ պատկանում է Թուրքիայի նախագահի փեսայի ընտանիքին։
Գյուլենի հետ համագործակցության համար «Գերչեք հայաթի» հոդվածը նաև մեղադրում է Ստամբուլի գլխավոր ռաբբի Իսահակ Կահլևային, Հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսին, նախկին Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին, ԿՀՎ-ին (CIA), ՆԱՏՕ-ին, սիոնիստներին, Հիլարի Քլինթոնին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդին և նախկին թուրք ղեկավարներ Իսմեթ Ինոնուին, Բյուլեթ Էջևիթին և Սուլեյման Դեմիրելին։
Գյուլենը 1999 թվականին փախել է Միացյալ Նահանգներ։ Այնուհետև նա և նախագահ Էրդողանը դարձան թշնամիներ՝ երկարատև համագործակցությունից հետո, որի ընթացքում Էրդողանն օգտագործեց Գյուլենի կապերն ու աղբյուրները իշխանության գալու համար։ Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրեց հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը լինելու մեջ։ Էրդողանը բանտարկեց և աշխատանքից ազատեց Գյուլենի տասնյակ հազարավոր հետևորդների։ Այդ ժամանակից ի վեր Էրդողանը բազմիցս խնդրել է ԱՄՆ կառավարությանը՝ Գյուլենին արտահանձնել Թուրքիային, որտեղ նրան անկասկած մահ է սպառնում։ Միացյալ Նահանգները մերժել է Էրդողանի դիմումները: Նույնիսկ Թուրքիայից դուրս ապրողները, որոնք մեղադվում էին Գյուլենի հետ շփվելու մեջ, առևանգվել են Էրդողանի գաղտնի գործակալների կողմից և հետ բերվել Թուրքիա՝ կոշտ մեղադրանքների առջև կանգնեցնելու համար:
Այս պայմաններում, երբ էրդողանամետ ամսագիրը Գյուլենի հետ շփվելու մեջ մեղադրեց Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին և այլոց, նրանք իրավացիորեն անհանգստացան իրենց ֆիզիկական գոյության և կրոնական ու մշակութային հաստատությունների վրա հնարավոր հարձակումների կապակցությամբ:
Ինչ վերաբերում է թուրքական ամսագրում հրապարակված Գյուլենի նամակին՝ ուղղված Հայոց նախկին պատրիարքին, ապա այն մինչ այժմ մի քանի անգամ հրապարակվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։
Ահա հատվածներ Գյուլենի 1965 թ․ մայիսի 6-ի նամակից․ «Իմ մանկության տարիներին և աշխատանքի բերումով ես ճանաչել եմ հայ ընտանիքների և անհատների։ Ես չեմ դադարի անիծել Մեծ ցեղասպանությունը, որն իրականացվեց հայերի դեմ 1915 թվականին։ Ես գիտեմ, որ սպանված ու կոտորված մարդկանց մեջ շատ հարգված մարդիկ են եղել, որոնց հիշատակի առջև ես հարգանքով խոնարհվում եմ։ Ես մեծ վշտով անիծում եմ Մեծ մարգարե Քրիստոսի որդիների կոտորածը տգետ անհատների կողմից, որոնք իրենց անվանում են մահմեդականններ»։
Թուրքական ամսագիրը հայտնել է, որ Շնորհք պատրիարքն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Գյուլենին՝ հայտարարելով, որ երկրին պետք են նրա նման քարոզիչներ. «Մենք հավատում ենք, որ եղբայրական կապերն անխախտ կմնան մեր սուրբ երկրում, որտեղ կան Ձեզ նման պատվարժան ու արդարամիտ քարոզիչներ»:
Գյուլենի 1965 թ․ ենթադրյալ նամակը տպագրված է դեղնագույն թղթի վրա, որը երևում է հավաստի։ 2013 թվականին Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ Գյուլենը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ, որում ասվում էր. «Իթթիհադականները սխալ քաղաքականություն են վարել: Մեզ մնում է շտկել իթթիհադականների սխալ քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով մենք պետք է շատ լավ երկխոսության մեջ լինենք հայերի և մյուս ազգերի հետ։ Հանուն երկխոսության, մենք պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք լավագույն ձևով»։
Լավ նորությունն այն է, որ Թուրքիայի փոքրամասնությունների համայնքների կրոնական առաջնորդները համարձակություն են ունեցել խստորեն քննադատել թուրքական ամսագիրը։ Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում «ափսոսանք է հայտնել Շնորհք պատրիարքի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքների համար: Մամուլի ազատության քողի տակ նման գրությունները ցավ են պատճառում մեզ և կարող են բերել ահավոր հետևանքների: Այս զրպարտությունները մտահոգիչ են Թուրքիայի Հայոց պատրիարքարանի և հայ համայնքի համար: Ցեղապաշտական դրսևորումները, ինչպես ցանկացած այլ տեղ, այնպես էլ այս երկրում նկատվող, անհնար են դարձնում դրանց հետևանքներից խուսափելը… Նման անհիմն ցեխարձակումը մեզ համար անընդունելի է: Մենք հավատում ենք, որ պատկան մարմինները կկանգնեցնեն այս անարդարությունը և հուսով ենք, որ կանոնները կկիրառվեն՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով հեղինակների դեմ»:
Հունական ուղղափառ պատրիարքարանը ևս դատապարտեց թուրքական ամսագիրը՝ հրապարակված տեղեկատվությունն անվանելով «ամբողջովին կեղծ և կողմնակալ… Այս պնդումների հրապարակումը քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների շրջանում անհանգստություն է առաջացնում և հատկապես լուրջ ու անպատասխանատու է, քանի որ քայքայում է մեր ժողովրդի միասնությունը… Նման տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և կարող է պատճառ դառնալ ցեղապաշտական ու անհանդուրժողական վտանգավոր գործողությունների համար: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը շատ դառնացած ու վրդովված է զգում իրեն առաջադրված մեղադրանքների համար՝ չնայած նրա ջանքերին ի նպաստ մեր երկրի բարօրության»:
Ստամբուլի հրեական համայնքը նույնպես քննադատեց թուրքական ամսագիրը․ «Մենք դատապարտում ենք խտրականությունն ու սադրանքները, որոնց համար պատճառ դարձան այդ հրապարակումները՝ մեր գլխավոր ռաբբիի դեմ անհիմն մեղադրանքներով հանդերձ: Այս ատելության հրապարակումները վնասում են Թուրքիային: Մեր կողմից, մենք հուսով ենք, որ անհապաղ կվերականգնվի ճշմարտությունն ընդդեմ ատելության այդ հրապարակումների`ճիշտ տեղեկատվության և իրավական միջոցներով, քանի որ դրանք ազդում են մեր Թուրքիայի վրա, որի ամբողջական մասը մենք ենք»:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Գարո Փայլանն անդրադարձավ այդ բանավեճին Խորհրդարանում՝ գրելով երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթային․ «Մի՞թե Թուրքիայի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության արտահայտությունները չեն կարող հանգեցնել ատելության վրա հիմնված հանցագործությունների»:
Ես կցանկանայի եզրափակել երեք հիմնական կետերով.
1) Ֆեթուլլահ Գյուլենը Էրդողանի դաշնակիցն էր, նախքան վերջինիս կողմից իր բռնապետական լիազորությունները հաստատելը: Էրդողանին մոտ կանգնած հրատարակությունները, փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին և այլոց մեղադրելու փոխարեն, առաջին հերթին պետք է մեղադրեն Էրդողանին ՝ Գյուլենի հետ իր երկար տարիների համագործակցության համար․․․
2) Եթե Գյուլենի նամակը հավաստի է, ապա նա ոչ մի վատ բան չի արել։ Նա պարզապես ճանաչել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Էրդողանն է, որ պետք է մեղադրվի Հայոց ցեղասպանության հարցում ստելու համար․․․
3) Թուրքիայում փոքրամասնությունների համայնքները սարսափում են թուրքական ամսագրի հոդվածից, քանզի գիտեն, որ Թուրքիայում կան շատ ծայրահեղականներ, որոնք կդիմեն սարսափելի բռնությունների ընդդեմ հայերի, ասորիների, հույների, հրեաների և քրդերի: Նրանց վախը արդարացված է: Այս փոքրամասնությունների համայնքների առաջնորդներն արժանի են գովասանքի՝ թուրքական ամսագրի սպառնալից հոդվածի դեմ համարձակորեն խոսելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի