ՄԻՊ-ը գրություններ կուղարկի իրավապահ մարմիններին` կապված Տաթևիկ Ռևազյանի մասին գրառման հետ
Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 20-ին համապատասխան գրություններ կհասցեագրի իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ:
Մարդու իրավուքների պաշտպանը նշել է, որ ՄԻՊ-ը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
«Իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է իսպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում, ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»,- գրել է Թաթոյանը։