Նորակերտում գայլերը հոշոտել են 122 գլուխ ոչխար և գառ
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակչուհի Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վերքեր հասցրել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ հոտը արոտ տանելու համար բացել են գոմի դուռը:
«Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունն ունի շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում: Գայլերը ջարդ են արել հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ ճեղք գտնելով: Ստացվում է, որ տնտեսության գլխաքանակի շուրջ կեսը կորսվել է: Այս պահին տեղում աշխատում են անասնաբույժը, համաճարակաբանը, Սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչը: Նրանք հաստատում են. որ հոշոոտված ոչխարների միսն օգտագործման համար պիտանի չէ: Ամեն դեպքում, այս տնտեսությանը պատճառված վնասը հսկայական է»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետն ու աշխատակիցները՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ վնասի հնարավոր չափերը ճշգրտելու նպատակով:
Խոսրով Խլղաթյան