Նիկոլը Սերժից չէր խլել պետական մեքենան, որ ձեզ տար, այլ խլել էր, որ ինքը քշեր, չէր խլել, որ փոխվարչապետի պաշտոնը ստանալու միջոցով իշխանություն վերցնեիք. մենք մեղավոր չենք, որ Նիկոլը ձեզ խաբել ու գցել է. Արմեն Աշոտյան
«2018-ին Հայաստանում տեղի ունեցածը նոր սերնդի գունավոր հեղափոխություն էր։ Սա այն Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխություններից չէր։ Ռուսական ուժային շրջանակներ կային, որոնք 2018-ի մեջ փայ ունեն։ Փաստ է, որ 2020թ. պատերազմից հետո ռուսները շահագրգիռ էին, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Դրա մեջ տեղավորվում էին և՛ Գլխավոր շտաբի հայտարարությունը, և՛ 2021թ. արտահերթ ընտրությունները, և՛ Պուտինի «Он не предатель»-ը։ Չէր կարող լինել 2018-ը, եթե իշխանության ներսում չլինեին ճաքեր։ 2008-ին փողոցային շարժումը հաջողություն չունեցավ, որովհետև իշխանական պետական էլիտան իրեն պահեց միասնական, խաղեր չտվեց։ ՀՀԿ-ն, այդ ժամանակ լինելով իշխանության կմախքը, խաղեր չտվեց, ու ոչ ոք խաղեր չտվեց»,- 168TV-ի «Դասեր» հաղորդաշարի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Վերջինս նկատեց՝ պոստֆակտում բոլորը փորձում են խելոք լինել, բայց ոմանք դա անում են՝ սեփական սխալները հաշվի առնելով, ոմանք` սեփական սխալը չտեսնելու և ուրիշի գրպանը գցելու միջոցով։
«Հարգելի ընդդիմադիրներ, եթե դուք դեռ պնդում եք, որ 2018-ը ճիշտ էր, բայց Նիկոլը չպիտի լիներ, այլ ուրիշ մարդ, դուք ընկնում եք թակարդի մեջ։ Նիկոլը Սերժից չէր խլել պետական մեքենան, որ ձեզ տար, այլ խլել էր, որ ինքը քշեր, չէր խլել, որ պայմանական փոխվարչապետի պաշտոնը ստանալու միջոցով իշխանություն վերցնեիք։ Մենք մեղավոր չենք, որ Նիկոլը ձեզ խաբել ու գցել է։

Ես իմ 2018-ն ապրել եմ, իմ ընտանիքը, իմ կուսակցությունն ապրել է։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը երազում էին, որ իրենց հարսանիքն անցնի Հանրապետության հրապարակով, ես և իմ ընկերները միակն էինք, որ մեր թաղումն էին կազմակերպում հրապարակում։ Այն ընդդիմությունը, որը պնդում է, որ 2018-ը ճիշտ էր, չունի հաղթելու շանս։ Մինչև մեղքդ չընդունես, այն չի ներվելու։ Ոչ ոք չի ասում, որ Հայաստանը 2018-ին եղել է դրախտ, բայց եղել է դրախտ՝ այսօրվա դժոխքի հետ համեմատած։
Գեոպոլիտիկ ուժի կենտրոնները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական կենտրոնները, չեն փոխվել։ Սերժ Սարգսյանը հայկական շահն այնպես էր կարծրացրել, որ բոլորն էլ փորձում էին ստատուս-քվոն փոխել։ Սերժին կրելու ամենահեշտ ձևը շախմատի սեղանը շուռ տալն էր, որովհետև պարտիան գնում էր, ու Սերժը պարտիան կրում էր։ Բոլորը Սերժ Սարգսյանի հեռացման մեջ շանս էին տեսնում պարտիան իրենց ձևով շարունակելու, և Նիկոլի ձեռքով ու ժողովրդի փաթեթավորմամբ սեղանը շուռ տվեցին։
Բոլորը գիտեին Սերժ Սարգսյանի արժեհամակարգն ու կարմիր գծերը, բանակցային հմտությունները, ու փորձեցին այնպես անել, որ ավելի շատ ստանան։ Ու հաջողվեց. ստացան ավելի շատ ու բռնեցին ջեք փոթ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

