Բաժիններ՝

«6 ամսվա դատարկ դահլիճի համար պետք է վարձ վճարեն մարդիկ». Պարային խմբերը կանգնել են խնդիրների առջև

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պարուսույց Արման Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց միամսյա պայքարը՝  տարբեր ատյաններ ուղարկված դիմումներն ու նամակները, ինչ-որ չափով արդյունավետ են եղել. Մշակութային գործիչներին ընդգրկել են պետության հակաճգնաժամային ծրագրերից մեկում.

«Մայիսի 11-ին՝ արդեն երկու օր է, Սոցապնախարարության ֆինանսավորման 8-րդ ծրագրի մեջ ընդգրկել են նաև մշակույթի գործիչներին, ըստ որի՝ այդ ոլորտների գրանցված աշխատողները հնարավորություն ունեն գումար ստանալու:

Չգիտեմ, թե կախված ինչից՝ գումարները տարբեր են՝ մեկը ստանում է 50.000, մեկը՝ 60.000…»:

Ավելի վաղ անդրադարձել էինք Արման Ղուկասյանի մտահոգությանը, որ համավարակի պատճառով հարկադիր պարապուրդի հետևանքով այս օրերին բազմաթիվ պարային խմբերի ղեկավարներ ու աշխատակիցներ չեն կարողանում օրվա հացի խնդիր լուծել:

Ա. Ղուկասյանը նշեց՝ նախարարության տրամադրած օգնությունը միանվագ է, և այժմ իրենք պայքարում են աշխատանքները մեկ օր շուտ վերսկսելու համար.

«Ճի՛շտ է,  այս մի հարցը լուծվեց, բայց այս գումարով, որ տրվեց, մարդիկ իրենց կոմունալները վճարե՞ն, թե՞ ապրեն:

Դիմել ենք կրկին նամակներով, դիմել ենք նաև Աննա Հակոբյանին և սպասում ենք պատասխանների, որովհետև տեղյակ ենք՝ սպորտսմեններին թողել են աշխատել, իսկ պարը դեռ չեն թողել, բայց պարը նույնպես սպորտի մի մասնիկ է՝ մանավանդ սպորտային պարերը:

Հազարից ավելի պարային կոլեկտիվների ղեկավարներ տարակուսանքի մեջ են. շատ շնորհակալ են, որ ընդունվեց ֆինանսավորման ծրագիրը, բայց իրենք վաղվա օրվա հացի խնդրի առջև են կանգնած:

Նույնիսկ հունիսի 1-ից մարդիկ համաձայն են վերսկսել իրենց աշխատանքները, որ գոնե ամառվա երեք ամիսները կարողանան աշխատել՝ տարածքների վարձավճարները վճարեն և իրենց ընտանիքները կարողանան որոշակի չափով պահել»:

Հարցին՝ ինչպե՞ս են կարողանում այս շրջանում լուծել տարածքների վարձակալության խնդիրը, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահը պատասխանեց.

«Տարածքների վարձակալության համար դիմեցինք քաղաքապետարանին, որպեսզի չպարապած ամիսները գոնե վարձերը չվերցնեն, բայց քաղաքապետարանը պատասխանեց, որ ոչ թե կհանեն վարձերը, այլ թույլ կտան մինչև դեկտեմբեր վճարել:

Եթե մարդը երկու-երեք ամիս չի պարապել ու եթե ամռանն էլ չպարապեց, 6 ամսվա դատարկ դահլիճի համա՞ր պետք է վարձ վճարեն մարդիկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս