«Մշակույթին չեն անդրադառնում… Ֆեյսբուքում վարչապետին հարցը գրելուց հինգ րոպե հետո մեր հարցը ջնջում են, զարմացած էինք մնացել». Արման Ղուկասյան
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պարուսույց Արման Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ հարկադիր պարապուրդի հետևանքով այս օրերին բազմաթիվ պարային խմբերի ղեկավարներ ու աշխատակիցներ չեն կարողանում օրվա հացի խնդիր լուծել.
«Մեր ասոցիացիայում կան 60-ից ավելի պարային կոլեկտիվներ, և, առհասարակ, այսօր Հայաստանում 1000-ից ավելի մշակութային ստուդիաներ ու ակումբներ կան, որոնք կառավարության մշակած այս 8-9 կետով ֆինանսավորումներից ոչ մի կետով չեն կարողանում օգտվել: Ընդհանրապես, մշակույթին չեն անդրադառնում, և այս բոլոր խմբերի ղեկավարներն այսօր չեն աշխատում վիրուսի պատճառով: Մինչև մայիսի կես դեռ չեն աշխատելու, իսկ հետո արդեն գալիս է ամառ, որի երեք ամիսն էլ չենք աշխատում. Ստացվում է, որ մինչև սեպտեմբեր ամիսը մշակութային գործիչները մնում են անգործ: Նրանք մարդ չե՞ն, ընտանիք չե՞ն պահում»:
Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ զանգեր է ստանում պարային կոլեկտիվների ղեկավարներից, որոնք խնդրում են՝ իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնել. Ասոցիացիայի նախագահը, իհարկե, նամակներով դիմել է թե պատգամավորների, թե նախարարների, ցայսօր դրանք մնացել են անպատատասխան:
«Վերջին շաբաթվա մեջ համարյա թե բոլոր պատգամավորներին նաև ֆեյսբուքյան էջերով գրել ենք այս խնդրի մասին: Ես ինքս նամակը փոխանցել եմ Նաիրա Զոհրաբյանին, որ հարցն Ազգային ժողովում բարձրացնի: Բոլոր տեղերում լռում են: Մի քանի օր առաջ, երբ վարչապետը Ֆեյսբուքում օնլայն պատասխանում էր քաղաքացիների հարցերին, մեր հարցը նույնիսկ այդտեղ գրեցինք, բայց չգիտեմ, թե իրենց ֆեյսբուքյան էջն ով է վարում. հարցը գրելուց հինգ րոպե հետո մեր հարցը ջնջում են, զարմացած էինք մնացել»,- եզրափակեց Արման Ղուկասյանը: