«Մեկը մեկին վիրավորում է՝ ամաչում եմ ասել, բայց իրար ասում են` «թափթփուկ», «տականք», կամ ավելի մոդայիկ՝ «շնաբարո դուրսպրծուկ»». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համապատասխան նախագիծն այսօր ներկայացվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Մանրամասն ներկայացնելով նախագիծը, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝  Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է, նույն հոդվածը սահմանում է նաև, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

«Ցավոք, վերջին շրջանում առավել խորացած ատելության մթնոլորտում, թվերով չասենք, բայց անհամեմատ շատացել են քաղաքական, անձնական, փոխադարձ վիրավորանքները, մեկը մյուսի արժանապատվությունը նսեմացնելու գնով առաջ գնալու մոտեցումները: Հիմա այս մոտեցումը սանձելու միջոցներից մեկն էլ խախտված կամ վիճարկվող իրավունքի դատական պաշտպանության գործընթացն արագացնելն է:

Հիմա փորձեմ մի քիչ կենցաղային ձևով ներկայացնել, մեկը մեկին վիրավորում է, ամաչում եմ ասել, բայց իրար ասում են՝ «թափթփուկ», «տականք», կամ ավելի մոդայիկ՝ «շնաբարո դուրսպրծուկ»:

Մենք գիտենք, որ Քրեական օրենսգիրքը չի անդրադառնում վիրավորանքի և զրպարտության հանցակազմին, դրանք տեղափոխվել են քաղաքացիական օրենսդրության հարթություն: Անձին մնում է միայն, եթե, իհարկե, վերջինս չի նախընտրում գլխով դիմացինին հարվածելու կամ բռունցքներին հասնելու տարբերակը, ապա մնում է միայն դատական պաշտպանության հնարավորությունը՝ որպես հիմնական միջոց: Ի՞նչ է ստացվում, որ մարդու անձի հետ կապված վիրավորանքն ու զրպարտությունն անընդհատ թարմացվում է՝ դատական նիստերը հետաձգելու, երբեմն էլ՝ անհիմն հետաձգելու արդյունքում: Եվ ասենք, եթե այդ վիրավորանքի մասին լսել էր հինգ մարդ, ապա տվյալ մարդն անընդհատ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում»,- ասաց պատգամավորը:

Իր ասածները մերկապարանոց հայտարարություն չդիտարկելու համար Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագիծը ներկայացնելիս նաև հիմք է ընդունել որոշակի պաշտոնական տվյալներ, մասնավորապես,  տվյալներ ստանալու համար դիմել է Դատական դեպարտամենտին, որտեղից պատասխանել են, որ 2018-2019  թվականների ընթացքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերի քննության նվազագույն օրը մեկ ամիս է, առավելագույնը՝ 517 օր:

«Հիմա մեր առաջարկն այն է, որ դատավարական այս ժամկետները սեղմվեն, մարդն իմանա, որ եթե որևէ մեկն  իրեն վիրավորել  է, եթե դիմի դատարան, առավելագույնը 6 ամսվա ընթացքում կլինի այդ գործի դատական ակտը: Այլ ոչ թե տարիներով մարդն ընկնի դատարանների դռները: Այստեղ, բնականաբար, ինձ հետաքրքիր էր Կառավարության դիրքորոշումը, որը երեկ ենք ստացել, ընդ որում, վերջում գրված չէ, այս նախագիծը հիմա ընդունո՞ւմ են, թե՞ ոչ»,- շեշտեց Գ. Պետրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս