«Ամեն ինչի էլ հավատում եմ, բայց այլևս ոչնչի վրա չեմ զարմանում». հանձնաժողովը մերժեց Գևորգ Պետրոսյանի նախագիծը
«Երբ պետք է լինում եվրոպական արժեքները բերել ու տեղայնացնել, չեն անում, բայց երբ խոսքը վերաբերում է նման հարցերի, արագ հիշում եք Եվրոպային: Է հա, մեկը չի հարցնում՝ ասիական երկրներում նման բան կա՞, թե՞ ոչ, հիմա որևէ երկրի օրինակ չեմ կարող բերել, բայց նաև չեմ կարող բացառել, որ նման բան կա: Եթե հիմա ես ասեի՝ եկեք վերականգնենք հարսնացուի համար ղալիմ տալը, նախկին Քրեական օրենսգրքում նման հոդված կար, այստեղ գտնվող մեկը կարող էր ասել՝ այ ընկեր ջան, դու 21-րդ դարում ես, ուսումնասիրե՞լ ես՝ եվրոպական երկրներում հարսնացուի համար ղալիմ տալը վերացե՞լ է, թե՞ պահպանվել է»,- այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և առավելապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ Սահմանադրական կարգը տապալելու դեպքում հանել վաղեմության ժամկետները:
Քննարկման ընթացքում գործընկերները բացասական արտահայտվեցին նախագծի մասին՝ նշելով, որ նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա, ինչից հետո Գևորգ Պետրոսյանն ասաց, որ բոլորի կարծիքները հարգում է, բայց պնդում է, որ առաջարկած նախագիծը պետք է ստանա դրական եզրակացություն.
«Սա առաջին դեպքը չէ, երբ ներկայացված նախագծին ասում են՝ գիտեք, վատ բան չէ, բայց սա մասնավոր լուծում է, եկեք ընդհանուր լուծում մտածենք, մտածեք, հարգելի Կառավարություն, դուք էլ մի քանի լուծումներ մտածեք: Ես մի քանի առիթով ասել եմ, որ բժշկությունը և իրավաբանությունը միմյանց շատ մոտ են, որովհետև բժշկությունը բուժում է մարդու առողջությունը, իսկ իրավաբանությունը՝ հասարակական խնդիրը:
Սա նույնն է, որ հիմա, օրինակ, մեկը երիկամի ցավի պատճառով գնա բժշկի, բժիշկը նայի ու ասի, թե երիկամը ցավում է, բայց կարծես թե հիվանդի աչքերի արտահայտությունը դուրը չի գալիս, հաստատ տեսողության խնդիր ունի, սիրտն էլ «մի թավուր» լավ չի աշխատում, ու առաջարկի հիվանդի թոքերը, երիկամը, սիրտը և մնացած բոլոր օրգանները բուժել, բայց ասի, որ հիվանդը պետք է մի կարգին կոնցեպցիայով գնա, որ կարգին բուժի: Ընկեր ջան, ես խնդիրը հայտնաբերել եմ և մնում եմ այն կարծիքին, որ իսկապես Սահմանադրական կարգի տապալումն այնքան վտանգավոր հակաօրինական արարք է, որի համար պատասխանատվությունը պետք է վաղեմության ժամկետ չունենա»:
Անդրադառնալով այլ երկրների օրինակներին՝ Գևորգ Պետրոսյանը վկայակոչեց Բրազիլիայի օրինակը՝ խոստովանելով, որ գիտեր, թե Բրազիլիան հայտնի է միայն իր ֆուտբոլով և «պորտապարերով», բայց դրա հետ միասին՝ ունեն նաև կարգին Քրեական օրենսգիրք.
«Տապալված Սահմանադրական կարգ ունեցող երկրում չի կարող իրականացվել ո՛չ սոցիալական ծրագիր , ո՛չ էլ անկախ դատական համակարգ կարող է ստեղծվել: Սա իմ կարծիքն է, երբեք չեմ տառապել անսխալական լինելու ինքնասիրահարվածությամբ: Եթե իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստի օրակարգում, դա կհավասարեցնեմ հրաշքի, մի անգամ ինձ նման հրաշք թույլ տվեք, էլի, ի՞նչ կլինի: Ես ամեն ինչի էլ հավատում եմ, բայց այլևս ոչնչի վրա չեմ զարմանում»:
Քննարկումից հետո հանձնաժողովը մերժեց նախագիծը, որից հետո Վլադիմիր Վարդանյանը դիմելով Գևորգ Պետրոսյանին՝ ասաց.
«Պորտուգալական մի ասացվածք կա, որ հրաշքները լինում են այնտեղ, որտեղ նրանց հավատում են, խնդրում եմ, որ հավատաք այդ հրաշքներին»: