«Հիմա մենք գտնվում ենք միջնախարարական սաբոտաժի պայմաններում, որին պետության ղեկավարը չի արձագանքում». Կարեն Վարդանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 168.am-ի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ մի քանի անգամ վստահեցրել են, որ Ռազմարդյունաբերության զարգացումը դիտարկվում է՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի կարևոր բաղադրիչ, և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ոլորտի լիազորությունների փոխանցումը կոչված է առավել արդյունավետ նպաստելու ռազմարդյունաբերական համալիրի կայացմանը և զարգացմանը, այդ թվում նաև՝ բարձր տեխնոլոգիական և ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարությունների սինխրոնիզացմանը:

Գերատեսչությունից ասել են նաև, որ նախատեսում են բարձրացնել ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակը, ապահովել նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ կտրուկ բարձրացնել հայրենական ռազմական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկաներում:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ նաև մի քանի անգամ շեշտել են, որ վերջին տարիներին ռազմարդյունաբերության ոլորտում գրանցված հաջողությունները հիմք են ստեղծել զարգացնելու տեխնոլոգիատար և գիտատար ապառազինությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր, լազերային միջոցներ, ինժեներական տեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:

Հավելենք, որ ավելի վաղ ԲՏԱ ղեկավարությունից հայտարարել էին, որ 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի, որից 3.8 մլրդ-ը նախատեսվում է ուղղել հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերին, իսկ մնացածը՝ արտադրական կարողությունների զարգացմանը:

168.amԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանից փորձեց պարզել, թե Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությանն անցնելուց հետո, որքանո՞վ է շահել ռազմարդյունաբերության ոլորտը, առհասարակ, ինչպե՞ս է գնահատում ԲՏԱ նախարարության՝ այս ուղղությամբ քայլերը:

Ի պատասխան՝ Կարեն Վարդանյանը նախ հիշեցրեց, որ իրենք էին, թերևս, պատճառը, որ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախարարությունից վերցվեց:

«2011-ից մենք ՊՆ-ի հետ աշխատում էինք բարձր տեխնոլոգիաական խնդիրները բանակում ներդնելու ուղղությամբ, օգտագործելու ռազմարդյունաբերության մեջ, բայց բացարձակ բացասական փորձ, արձագանք ունեցանք: Մենք սրա մասին բարձրաձայնեցինք, մասնավորապես, օրինագիծ մշակեցինք, դիմեցինք երկրի ղեկավարությանը, որ պետք է հանեք ռազմարդյունաբերությունը ՊՆ-ի ենթակայությունից, բանակից, քանի որ իրենք և՛ պատվիրատու էին, և՛ ընդունող, և՛ վճարող, ինչը բերում էր նրան, որ տեղական արտադրանք, ըստ էության, չկար, կամ սահմանափակվում էր ինչ-որ բաների վերանորոգմամբ: Էլ չեմ ասում կոռուպցիոն համակարգի առկայությունը:

Մենք աշխատեցինք նաև Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելու ուղղությամբ, այսինքն` այդ խնդիրը ևս բարձրացրել ենք, և այնպես ստացվեց, որ մեր բարձրացրած 2 խնդիրն էլ կատարվեց` ստեղծվեց նախարարություն, ռազմարդյունաբերության կոմիտեն էլ միացավ այդ նախարարությանը:

Կարծում եմ, որ սկզբունքային սխալ կատարվեց, չկա ռազմարդյունաբերության ռազմավարություն, կառուցվածքային առումով էլ մենք ժամանակին իշխանություններին զգուշացրեցինք, որ կարող է ռազմարդյունաբերության կոմիտեն լինի մի նախարարության մեջ, ի վերջո, ռազմարդյունաբերությունն այսօր բարձր տեխնոլոգիական է, բայց կոմիտեն պիտի հնարավորինս առանձին լինի, որովհետև գաղտնիության, անվտանգության, ազդեցության խնդիրներ կան: Բայց եկանք մի վիճակի, որ ՊՆ-ն այսօր, ըստ էության, սաբոտաժ է անում, իսկ երկրի ղեկավարության կողմից դա ոչ մի գնահատական չի ստանում: Եթե նոր զենք ես արտադրում, ապա պիտի ստեղծվի նոր զորատեսակ: Այսինքն` ես չեմ տեսնում դիալոգ ԲՏԱ նախարարության և ռազմարդյունաբերության միջև, հակառակը` տեսնում եմ սաբոտաժի երևույթներ»,- նշեց Վարդանյանը:

Նա պնդում է, որ իրենց նախաձեռնության պրոդուկտներից մեկը բանակի կողմից բացարձակ սաբոտաժի է ենթարկվում:

«Խոսքը բանակի համար անվտանգ օպերացիոն համակարգի ստեղծման մասին է` «ՊՆ Լինուքսի», որը, ըստ էության, 2 տարի է՝ ստեղծված է, բայց ամեն խոչընդոտ արվում է, որ դա բանակում չկիրառվի: Մինչդեռ դա հիմքերի հիմքն է, որի վրա կարող ես անվտանգ համակարգ կառուցել: Ամբողջ բանակում դրված է Windows` բաց, և update-ի ժամանակ որևէ մեկը պատկերացում չունի, թե ինչ ինֆորմացիա է դուրս գալիս իրենց համակարգիչներից և գնում «Մայքրոսոֆթի» սերվերներ, չգիտեն նաև, թե այնտեղից ուր է գնում` մեր հակառակորդի՞ն, թե՞

Ժամանակին պաշտպանության փոխնախարարին տարել են Սիեթլ` «Մայքրոսոֆթ», այնտեղ բաներ են ցույց տվել և ասել` «չթպրտաք», հիմա այդ մարդիկ էլ չեն   «թպրտում», և ՊՆ-ի ամբողջ տեղեկատվական համակարգը գտնվում է անպաշտպան դիրքում:

Կրկնում եմ` մենք այդ խնդիրը լուծել ենք 2 տարի առաջ, բայց որպեսզի իրենք այդ պրոդուկտը չընդունեն, մենք շատ ենք դիմել, որ գնահատական տան, մինչև հիմա գնահատական տրված չի, մինչև հիմա ներդրված էլ չի:

Ավելին, ահաբեկում են` փողը հետ տվեք, մենք չենք ուզում այդ պրոդուկտը, չնայած այն բանին, որ պայմանագիր ունեին: Այսինքն` երկրորդ էտապը չեն արել, բայց մենք այդ պայմանագրից շատ ավելի բան ենք արել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, որ ԲՏԱ նախարարն անընդհատ խոսում է արտաքին շուկաներում հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխաղացման և արտահանման ծավալների աճի ավելացման մասին, մինչդեռ մեծ հաշվով չի նշվում` ի՞նչ տեսակի ապրանքի մասին է խոսքը, որը պիտի նաև արտաքին շուկա դուրս բերվի, Կարեն Վարդանյանն ասաց, որ այսօր շուկաներում բարձր տեխնոլոգիական խնդիրներ լուծող պրոդուկտներ կան, որոնք կարող ենք մենք էլ տալ:

Ըստ նրա, դա վերաբերում է անօդաչուների հակազդմանը, զորքերի կառավարմանը, հարվածային որոշակի խնդիրներին, օպերացիոն համակարգերին, որի վրա պիտի կառուցվի բանակային ամբողջ տեղեկատվական գաղտնի և անվտանգ համակարգը:

«Խնդիրները շատ են, հնարավորությունները շատ են, բայց պետք է կարողանալ դա կազմակերպել: Հիմա մենք գտնվում ենք միջնախարարական սաբոտաժի պայմաններում, որին պետության ղեկավարը չի արձագանքում»,- ընդգծեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահը:

Ճշտող հարցին` սաբոտաժը միայն Պաշտպանության նախարարությո՞ւնն է անում, Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ չի կարող ասել, դատում է արդյունքներից, բայց մի բան հաստատ է` ՊՆ-ն գնում է սաբոտաժի:

«Այո, բա պատվիրատուն ո՞վ է: Անցել ենք բարձր տեխնոլոգիական ուղղության, մինչդեռ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ծավալները ծիծաղելու աստիճանի ցածր են: Երկրորդ` բանակը պիտի ռեֆորմի ենթարկվի, որ կարողանա այդ բարձր տեխնոլոգիական արտադրանքն օգտագործի: Մենք բազմիցս առաջարկել ենք՝ առանձին զորամիավորում ստեղծենք: Խոսքը, այսպես ասած, դաշտային կառույցի մասին է, որին արտադրանք կտան` անօդաչու թռչող սարքեր, հակառակորդի անօդաչուներին ճնշող սարքեր և այլն, որտեղ կգան և այդ ամեն ինչը մյուս զորամասերից կսովորեն: Այսինքն` բանակային ռեֆորմ կկատարվի, իսկ հիմա ոչ մեկը ոչինչ չի ուզում անի»,- եզրափակեց նա` նշելով, թե իր համար անհասկանալի է, թե ինչու է երկրի ղեկավարն այս ամենը հանդուրժում և չի գնում համապատասխան բարեփոխումների:

Հավելենք, որ 2019-ին` տարեվերջյան ասուլիսի ժամանակ, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ առաջիկա տարում մեծացնելու են տեղական արտադրողներից գնվող սպառազինությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերի, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին:

Ռազմարդյունաբերության զարգացման համատեքստում նշենք նաև, որ օրերս ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ, Երևանի մաթեմատիկական մեքենաների, (Մերգելյանի գործարան), Չարենցավանի հաստոցաշինական, Հրազդանի «Պատնեշ», «Լազերային տեխնիկա» և «ԼՏ Պիրկալ», «Գառնի Լեռ» զենքի արտադրության/վերանորոգման գործարանների կառավարումն իրականացնելու է այսուհետ իր ղեկավարած կառույցը, և, որ աշխատում են թվարկված կազմակերպությունների զարգացման ռազմավարության վրա։

Ի դեպ, 168.am-ը կառավարության կայքից տեղեկացավ, որ կառավարությունն այս գործարանների մասին որոշում կայացրել է դեռևս 2019-ի հոկտեմբերի 24-ին, այսինքն` ԲՏԱ նախարարությունը 6 ամիս է՝ դրանք կառավարելու լիազորություններ է ստացել:

Տեսանյութեր

Լրահոս