Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառուների աջակիցներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում:
Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար»,-նշել է նա:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցել են սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։ «Ուժեղ ենք միասին»,-եզրափակել է Մարությանը: