Բաժիններ՝

«Այդ գումարների հետ կապված՝ գոնե 1 ցենտ նրա գրպանը չեն դրել կամ առաջարկել». Փաստաբան Հովիկ Արսենյան

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում։

«Մի անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել: Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է բազմակողմանի ցուցմունք՝ հերքելով այն ամբաստանությունները, որոնք կան»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԱԾ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցաքննությանը՝ շեշտեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի «օֆշորի գործով»:

Փաստաբանը հայտնեց նաև, որ այս մեղադրանքն անսպասելի է եղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի համար.

«Ոչ մեկի մտքով էլ չէր անցնի, որ այն մեղադրանքները, որ կային, հենց բովանդակային առումով էլ բխում  են քրեական գործի նյութերից. Համոզված եմ՝ չեն բխում։ Այնտեղ բազմիցս նշվում է, թե Կճոյանը նախնական համաձայնության գալով Աշոտ Սուքիասյանի և այլոց հետ՝ մտադրվել, պլանավորել, այնուհետև հափշտակել են…. ինչ-որ գործարարի գույքը, նաև փողերի լվացում՝ բացարձակապես իրականության հետ քննություն չի բռնում»:

Հարցին՝ արդյո՞ք նոր ի հայտ եկած հանգամանքներ կան, որ նորից անդրադարձ է եղել գործին, Հ. Արսենյանը պատասխանեց.

«Ես դեռ չեմ պատկերացնում, բոլոր դեպքերում ես մի բան գիտեմ, որ այդքան գրում են՝ հափշտակություն և այլն՝ Կճոյանին, գոնե որևէ մեկն այս երկրային կյանքում՝ լինի Աշոտ Սուքիասյան, լինի քննիչ թե դատախազ, քաղաքացի…, այդ գումարների հետ կապված՝ գոնե մեկ ցենտ նրա գրպանը չեն դրել կամ էլ առաջարկել: Եվ ինչի՞ց ելնելով է նման ամբաստանություն կատարվել՝ ես այս պահին չեմ կարող մեկնաբանել»:

Այդուհանդերձ, փաստաբանը  հավելեց, որ վաղվա հանդեպ լավատեսությունը չի ուզում կորցնել և կարծում է, որ արդարությունը կհաղթանակի:
«Կճոյանին ինչի համար որ մեղադրանք են առաջադրել, համատեղելի չէ, անհնարին է»,- եզրափակեց Հ. Արսենյանը:

Շուրջ 10 տարի է, ինչ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարն Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն՝ փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշված էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որևէ կապ չունեն այդ գործի հետ, և, որ ինքն է կեղծել ստորագրությունները։

2017 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման էր դատապարտել: Վերջինը բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում և Նոր Հայաստանում ճանաչվեց անմեղ: Բողոքը քննելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ Սուքիասյանը խարդախությամբ և փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է: 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ արդարացվեց և 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս