Բաժիններ՝

«Բավականին լայն ապրանքների մասով մենք ինքնաբավ ենք, բացառություններ կան». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց իր առաջարկը՝ կապված ներկայիս իրավիճակում գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք մի շարք գործողությունների հետ:

«Այս իրավիճակում գյուղատնտեսությունը կարող է լուծել պարենային անվտանգության խնդիրը, որը  բոլոր երկրների համար ամենակարևորն է, հետևաբար առաջարկում եմ, որպեսզի մենք հստակեցնենք, թե պետությունն իր կարիքների համար առաջին անհրաժեշտության մթերքների ինչ քանակի անհրաժեշտություն ունի, որից հետո պայմանագիր կնքի գյուղացիական տնտեսությունների հետ՝ երաշխավորելով, որ պետությունը պարտադիր գնելու է արտադրանքը՝ սրանով հնարավորություն տալով բանկերին, որպեսզի կարողանան ազատ վարկավորել տվյալ գործարքը»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով առաջարկին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարենային անվտանգության հետ կապված՝ այս ընթացքում Կառավարությունում մի քանի անգամ քննարկումներ են ունեցել և տեսել, որ պարենային մթերքների հսկայական բաժնով Հայաստանն ինքնաբավ է:

«Բավականին լայն ապրանքների մասով մենք ինքնաբավ ենք, բացառություններ կան, ցորենը, օրինակ, բացառությունների թվում է: Ցորենի հետ կապված հարցը մենք քննարկել ենք, ընդ որում՝ քննարկել ենք մեկ ամիս առաջ, քանի որ գարնանացանի սեզոնը դեռ առջևում էր: Մասնագիտական քննարկումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գարնանացանն արդյունավետ չէ, և Հայաստանում ընդունված չէ գարնանացան ցորենն իր ցածր արդյունավետության պատճառով, հետևաբար՝ պետք է կենտրոնանալ աշնանացան ցորենի վրա: Մենք ունենք ծրագիր, որ կոնկրետ հողատարածքները կկցենք կոնկրետ տարածքների, հիմա սա մարզպետարանները կանեն, թե մեկ այլ մարմին, կարծում եմ՝ կգտնենք մաքսիմալ արդյունավետ եղանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ բանկերի հետ քննարկումներ են ունեցել, վերջիններս ասել են, թե ռիսկ չեն անում ֆինանսավորում կատարելու համար նման քայլի գնալ, եթե Կառավարության կողմից  երաշխավորություն չլինի:

«Պատկերացրեք, որ բանկը մի քանի միլիոնի ֆինանսավորում անի՝ հույս չունենալով, թե այդ ապրանքը կվաճառվի: Սրա համար դիմում եմ Կառավարությանը, որ  պայմանագիր կնքի գյուղացիական տնտեսությունների հետ, և բանկն այդ պայմանագիրը ֆինանսավորի: Նաև բազմաթիվ լրատվամիջոցներ են այսօր հայտնվել վատ վիճակում, որոնք սնվում են գովազդներով, այսօր չեն կարողանում իրենց լրագրողներին պահել, ուզում էի տեղեկանալ, սրա հետ կապված որևէ ծրագիր ունե՞ք»,- հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այժմ գյուղատնտեսական վարկերի տոկոսները զրոյացրել են, և այս պահին գյուղատնտեսական ծրագրերով 1,4  միլիարդ դրամի վարկավորում է տեղի ունեցել:

«Ճիշտն ասած, այս տեմպից գոհ չեմ, հիմա հաշվի առնելով բանկերի Ձեր նշած ռիսկերը՝ կփորձենք հենց վաղը քննարկել, որպեսզի հարցն այլ կերպ լուծենք, այս ծրագրերում համաֆինանսավորման կոմպոնենտը մեծացնենք, որպեսզի պետությունը չասի՝ ես ցորենը կառնեմ, այլ ասի, որ վարկերի 20 կամ 30 տոկոսը կտա»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս