«Ելնում եմ այն կանխավարկածից, որ Հայաստանում կա պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, հասկացող դատավորներ». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության  ներկայացրած Քրեական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթին, ասաց, որ բռնության կոչերն արդարացնելը համացանցում այս կամ այն գրառմանն ու նկարին հավանություն տալը չէ, ինչպես իրենց ելույթներում օրինակ բերեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից, այլ խոսքը վերաբերում է ակտիվ գործողություններին, որի միջոցով արդարացնում են տեղի ունեցածը: Հիշեցնենք, որ ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է քրեականացնել բռնության մասին հրապարակային կոչերը։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահն իր ելույթում այսօր հատկապես որոշ շրջանակներում  ընդունված տեսակետին ինչ-որ տեղ հակասող կարծիք հայտնեց.

«Ինչ վերաբերում է դատարաններին, իրավական որոշակիությանը, այո, Աստված մի արասցե, եթե կամայական մեկնաբանություններով որևիցե մեկը փորձի կիրառել այս օրենքը, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ մենք ունենք պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, մենք ունենք հասկացող դատավորներ, մենք ունենք Հայաստանի քաղաքացի, որը հասկանում է՝ ինչի մասին է օրենքը»։

Անդրադառնալով հանցագործության ապացուցման շեմին և  հանցակազմի կիրառությանը՝ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր իսկ բնորոշմամբ՝ ոչ պոպուլյար բան ասաց.

«Այո ՀՀ-ում արդարադատություն իրականացնողները, այսինքն՝ դատավորները, պետք է հնարավորինս բարձր շեմ դնեն, քանի որ ոչ բոլոր մտքերը  կարող են ընկնել այս ձևակերպումների ներքո: Մի քանի փոխկապակցված տարրեր կան, առաջինը, պետք է լինի արարք, խոսք, բռնության կոչեր,  որոնք պետք է լինեն ոչ թե՝ կոնկրետ անձի նկատմամբ՝ իրավաչափ և ոչ իրավաչափ պատճառներից ելնելով, այլ պետք է ուղղված լինեն համապատսխան մարդկային խմբերի դեմ, նաև դրանք պետք է կատարվեն դիտավորյալ, և այլն: Հիմա, երբ մենք խոսում ենք «Նեմեսիս» գործողության մասին, երևի ես այստեղ եզակի մարդկանցից եմ, որ բավականին երկար ժամանակ է տրամադրել և այդ գործողությունն ուսումնասիրել»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հնչեցրած՝ «Նեմեսիս» գործողության մասին տեսակետին, Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը՝ որպես երևույթի մասին բավականին տեղեկացված անձ, պարզաբանեց, որ պետք է անդրադառնալ նաև, թե ինչի հետևանքներն է հայ ժողովուրդն ապրում Ցեղասպանությունից հետո, հետևանքները հետևյալն են՝ ատելության խոսք, խմբի թիրախավորում, խմբի ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, ցեղասպանություն, հետևանքներ, որոնք առ այսօր  չեն վերացվել։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ բռնությունն իսպառ պետք է արգելվի, իսկ բռնության կոչերը՝  հատկապես նույնականացվող խմբերի դեմ, իսպառ պետք է  արգելվի նաև քրեական օրենսդրությամբ, մենք չունենք այլընտրանք՝ դիտարկվելու քաղաքակիրթ»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս